«Ընդամենն անցած հինգշաբթի՝ ապրիլի 28-ին, ռուսական բանակի հարվածից իր բնակարանում սպանվել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Վիրա Հիրիչի: Վիրան, ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի, Ուկրաինայում սպանված 11 լրագրողներից մեկն է», - ասել է Բլինքենը, հավելելով, որ մարտի 1-ին էլ ռուսների կրակից Իրպենում սպանվել է ամերիկացի լրագրող Բրենթ Ռենոն:
Պետքարտուղարը համեմատել է Ուկրաինայում և Ռուսաստանում մամուլի վիճակը: Նրա խոսքով, թե՛ ագրեսիայի ենթարկվելուց առաջ և թե՛ հիմա Ուկրաինան ունի աներևակայելի աշխույժ և ազատ մամուլ, որը պատմում է այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում, և դա անգնահատելի է:
Մինչդեռ, Ռուսաստանում ամենօրյա տեղեկատվություն ստանալը տարիներ շարունակ լուրջ մարտահրավեր է:
«Լրատվական տարածքը, որն առանց այն էլ չափազանց սահմանափակ էր, անցած վեց ամիսների ընթացքում տառացիորեն փակ է, նման վիճակը հնարավոր չէ մի գիշերում ուղղել», - ասել է Բլինքենը:
Պետքարտուղարը Մոսկվային կոչ է արել չկիրառել ռեպրեսիվ օրենքները, որոնք ուղղվում են խաղաղ նպատակներով գործող կազմակերպությունների և քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների դեմ:
«Ռուս ժողովուրդը, ինչպես և բոլոր մարդիկ, իրավունք ունի ազատ խոսել, ստեղծել խաղաղ միավորումներ: Նրանք իրավունք ունեն ազատ արտահայտվելու և իրենց ձայնը լսելի դարձնել ազատ և արդար ընտրությունների միջոցով»,- ասել է Բլինքենը:
Նրա փոխանցմամբ, Ռուսաստանում անհրաժեշտ է Ուկրաինայում տեղի ունեցողը կոչել իր անունով՝ «պատերազմ», այլ ոչ թե «Օրուելյան լեզվով» անվանել «հատուկ ռազմական գործողություն»: Այդպես չի գործում ժողովրդի իրական վստահությունը վայելող որևէ կառավարություն»,- ասել է Բլինքենը:
Պետական քարտուղարը նշել է, որ չնայած այդ հետապնդումներին, Ռուսաստանում կան լրագրողներ, ովքեր փորձում են հնարավորությունների սահմաններում ազնվորեն կատարել իրենց մասնագիտական պարտքը: Դա են անում նաև արտասահմանում աշխատող ռուսաստանցի լրագրողները:
«Դժվար է ամբողջությամբ թաքցնել ճշմարտությունը: Իսկ այն շատ պարզ է՝ ի՞նչ է տալիս Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիան ռուս ժողովրդին: Բացարձակ ոչինչ, ընդհակառակը, դա հարված է հասցնում հենց երկրին, որը սկսում է պատասխանատվություն կրել իր ղեկավարների աղետալի որոշումների համար»,- ասել է Էնթոնի Բլինքենը:
Նրա փոխանցմամբ, Ռուսաստանը Պուտինի քաղաքականության հետևանքով վերածվում է վտարանդի պետության, որից հեռանում են բոլոր առաջատար ընկերությունները:
«Ժամանակի ընթացքում ռուս ժողովուրդն իր վրա կզգա այս ամենի հետևանքները: Եվ մարդիկ կսկսեն իրենք իրենց հարցնել՝ «ինչու՞ է այսպես»: Մարդիկ կսկսեն որոնել տեղեկատվության աղբյուրներ», - ասել է Բլինքենը:
Ռուսների հրթիռից սպանված «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության լրագրող Վիրա Հիրիչի հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել երեկ Կիևում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախօրեին Կիևի հրթիռակոծության հետևանքով սպանվել է «Ազատության» թղթակից Վերա Գիրիչը