Ռուսաստանը հրթիռակոծել է Օդեսայի օդանավակայանն ու նավահանգիստը

Հրթիռակոծված շենք Օդեսայում, 23-ը ապրիլի, 2022թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, գեներալ Իգոր Կոնաշենկովը մայիսի 3-ին ասել է, որ գերճշգրիտ հրթիռներով հարված է հասցվել Օդեսայի ռազմական օդանավակայանի լոգիստիկ կենտրոնին, որտեղից իրականացվում էր սպառազինությունների ներմուծում։

Նրա ասելով՝ ոչնչացված անգարներում կային «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր, հրթիռներ և զինամթերք, որ Ուկրաինան ստացել է ԱՄՆ-ից և Եվրոպական երկրներից։

Կոնաշենկովը նաև ասել է, թե անցած գիշերվա ընթացքում ավիահարվածներ են հասցվել ուկրաինական զինված ուժերի վեց օբյեկտների։

Նախօրեին ուկրաինական կողմը հաղորդել էր, որ ռուսական ուժերը հրթիռակոծել են Օդեսայի նավահանգստի շրջանը, որի հետևանքով անչափահաս տղա է զոհվել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ասել է, որ 14 տարեկան տղա է զոհվել, վիրավորվել է 17-ամյա աղջիկ։ Նա նշել էր, որ հրթիռը հարվածել է հանրակացարանի շենքին։

«Ինչպե՞ս են այս երեխաներն ու հանրակացարանը սպառնում ռուսական պետությանը»․- ամենօրյա ուղերձում ասել էր Զելենսկին։