Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության համաձայն՝ ռուսական զորքերն այսօր առավոտյան փորձել են գրոհել ուկրաինական զորքերի դիրքերը Դոնեցկի ուղղությամբ, սակայն «Սարմատ» գումարտակի մարտիկները հետ են մղել հարձակումը։ Ոչնչացվել է ռուսական տանկ, կրակային միջոցներ և կենդանի ուժ, ասված է հաղորդագրությունում։
Ըստ նույն աղբյուրի՝ գրոհի նախօրեին ռուսները ականանետներից, տանկերից, հրետանուց և նռնականետներից հրետակոծել էին Ուկրաինայի զինված ուժերի դիրքերը։
Գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ ռուսական ուժերը հարձակողական գործողություններ են իրականացնում Իզյում-Բարվենկովո և Իզյում-Սլավյանսկ ուղղություններով և շարունակում են ուժեղացնել հարվածային զորախումբը։ Դոնեցկի և Տավրիայի ուղղություններում հակառակորդը ակտիվ գործողություններ է իրականացնում շփման գծի ամբողջ տեղամասի երկայնքով, ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ այսօր հաղորդել է, մասնավորապես, որ ռուսական զինված ուժերը բարձր ճշգրտության «Օնիքս» հրթիռներով Օդեսայի շրջանում ոչնչացրել են ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ստացված սպառազինությամբ ու զինամթերքով լի անգարը և ռազմական օդակայանի թռիչքուղին։
Ըստ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի՝ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական օդուժի երկու Су-24М օդանավ, 12 անօդաչու թռչող սարք և երկու “Точка-У” հրթիռ։ Օդուժի հարվածներով ոչնչացվել են երկու С-300 զենիթահրթիռային համալիրներ, զինամթերքի և վառելիքի պահեստներ, հարվածներ են հասցվել զորքերի և սպառազինության կուտակումների տասնյակ վայրերի։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանին հարող տարածքի բնակելի շենքերից քաղաքացիական անձանց երկու խումբ է դուրս եկել՝ համապատասխանաբար 25 և 21 հոգի։