«Քանի ապրում ենք, հայրական տան դռները բաց կլինեն». Վարոսյան քույրերը հնամենի տունը պահպանում են որպես թանգարան

Հայ-թուրքական սահմանի Բագրավան գյուղում է Վարոսյանների գերդաստանի հնամենի տունը, որ Համեստ ու Հասմիկ քույրերը պահում-պահպանում են որպես թանգարան։

«Կողքից գալիս են, ուշադիր նայում ամեն ինչը, դե հնություն է էլի», - ասաց քույրերից մեկը:

Վարոսյանների ընտանիքում 12 երեխա է մեծացել՝ 8 տղա, 4 աղջիկ: 66-ամյա Համեստը Հրանուշ մայրիկի տասներորդ երեխան է, 62-ամյա Հասմիկը՝ 12-րդը։ Քույրերը խնամքով պահում են Հրանուշի «հերոս մոր» մեդալը, պատվոգիրն ու թերթում լույս տեսած հոդվածը:

Տան բոլոր սենյակներում կահ-կարասին դասավորված է այնպես, ինչպես տասնամյակներ առաջ մեծ գերդաստանում. «Սաղ մայրիկիս, հայրիկիս առած բաներ են, ուղղակի մենք պահել ենք»:

Տանի հին իրերի մեծ մասը Հրանուշ մայրիկի օժիտն է եղել: 8 հարս է իր հարկի տակ ընդունել ավանդապահ ընտանիքը: Նորապսակներն իրենց առանձին սենյակն են ունեցել: Հարս ու սկեsրայր իրար հետ ոչ նույն սեղանի շուրջ են նստել, ոչ էլ երբևի խոսք անգամ փոխանակել:

«Եթե մենք պետք է նստեինք սեղան, իմ հայրիկը տղերքի հետ ճաշում էր, որ հարսներով, աղջիկներով ճաշեինք, այ էդ է եղել ընտանիքում, մեծը հարգված է եղել», - պատմեց նրանցից մեկը:

Բարերարների օգնությամբ հին տան կողքին մի նոր տուն են կառուցել, որտեղ էլ բնակվում են երկու քույրերը։ Ապրում են թոշակով, հող են մշակում ու հավ պահում: Մոտ 900 բնակիչ ունեցող Բագրավանում ուրիշ զբաղմունք չես էլ գտնի։ Չեն դժգոհում, միայն թե պատերազմ չլինի, ասում է Համեստը: Խաղաղության գինը լավ գիտեն, ղարաբաղյան վերջին պատերազմում Վարոսյանների գերդաստանը երեք զոհ է ունեցել. «Մենակ մեր սահմաններին խաղաղություն լինի»:

Տարեց քույրերը սահմանի փոքրիկ գյուղից հեռանալու մասին երբեք չեն էլ մտածել, ասում են՝ «քանի ապրում ենք, հայրական տան դռները բաց կլինեն»:

Your browser doesn’t support HTML5

«Քանի ապրում ենք, հայրական տան դռները բաց կլինեն». Վարոսյան քույրերը հնամենի տունը պահպանում են որպես թանգարան