Բախում երթի մասնակիցների և ոստիկանների միջև

Ընդդիմությունը իրազեկման քայլերթ է իրականացնում Երևանի կենտրոնական հատվածում՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի առաջնորդությամբ։

Վանեցյանը արդեն մոտ 2 շաբաթ է՝ Ազատության հրապարակում նստացույց է սկսել վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավանաբար մայիսի 1-ին կմիանա «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքին։

«Մենք պաշտոնի համար կռիվ չենք տալիս, մենք որևէ մեկս չունենք ամբիցիա՝ պաշտոն զավթելու», - նկատեց նա։

Վանեցյանը կարծում է՝ մի քանի օրվա մեջ ժողովրդի ճնշման ներքո կարողանալու են հասնել իրենց նպատակին։ Նա ասաց նաև, որ վաղը՝ նախքան հերթական քայլերթը, պատրաստվում է առաջիկա ծրագրերը ներկայացնել:

Իրազեկման երթը ավարտից րոպեներ առաջ միջադեպով ուղեկցվեց՝ բախում սկսվեց ցուցարարների և ոստիկանների միջև։