Օրերս ցմահ ազատազրկման դատապարտված հայտնի թուրք իրավապաշտպան Օսման Քավալան անսպասելի է որակել դատարանի վճիռը: Նախօրեին նրա հետ բանտում հանդիպել է թուրքական մեջլիսի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական խմբակցության պատգամավոր Օզգուր Օզելը, որն էլ հանրությանն է փոխանցել Քավալայի խոսքերը: Անվանի գործիչն ասել է՝ իհարկե, գիտեր, որ իրեն չեն արդարացնի, սակայն ցմահ ազատազրկում չէր սպասում:
«Քավալան ասաց՝ «մի ժամանակ մարդկանց կախաղան բարձրացնողները, եթե կարողանային, ինձ էլ կկախեին: Քանի որ ցմահ ազատազրկումը հավասար է մահվան: Ներկայացված ապացույցները ՄԻԵԴ-ի, Եվրոպայի ընտրյալ և վստահաբար անկողմնակալ դատավորներն ուսումնասիրել են և հաստատել, որ անհիմն են։ ՄԻԵԴ-ը որոշել է, որ այդ ապացույցների հիման վրա իմ կալանավորումը անօրինական է: Իսկ հիմա այդ ապացույցներով ինձ ոչ թե կալանավորում, այլ ցմահ դատապարտում են», - նշել է Օզգուր Օզելը:
Օզելի փոխանցմամբ՝ Քավալան ասել է, որ թուրքական դատարանի որոշումն ամբողջովին հակասում է եվրոպական իրավունքին, արդար դատական համակարգին ու ընդունված որոշումներին: Նրա համոզմամբ, այս վճռի պատճառով Թուրքիան հեղինակազրկվելու և դժվար իրավիճակում է հայտնվելու:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքական դատարանը Օսման Քավալային դատապարտել է ցմահ ազատազրկման2017 թվականից առանց դատավճռի բանտում մեջ գտնվող Քավալան «Անադոլու Քյուլթուր» հասարակական կազմակերպության գործադիր նախագահն է, Թուրքիայի քաղհասարակության ամենահայտնի գործիչներից և հայ-թուրքական հաշտեցման ջատագովներից:
Թուրքական դատախազությունը պնդում է, որ Քավալան ֆինանսավորել է 2013 թվականի ամռանը տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիաները, որոնք սկիզբ առան Ստամբուլի Գեզի զբոսայգու կառուցապատման դեմ ցույցերից։
65-ամյա գործիչը կյանքի մնացած մասը պետք է անցկացնի բանտում՝ առանց ներման իրավունքի՝ սահմանադրական կարգը տապալելու փորձի մեղադրանքով: Գեզի այգու գործով անցնող ևս 7 մեղադրյալ 18 տարվա ազատազրկման է դատապարտվել:
Քավալայի վճիռը խիստ քննադատության է արժանացել թուրքական ընդդիմության, արևմտյան մի շարք երկրների ու կառույցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից: Պետդեպարտամենտը խորը մտահոգություն էր հայտնել այս վճռի առիթով՝ այն համարելով մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին և օրենքի գերակայությանը հակասող։
Վաշինգտոնը թուրքական իշխանություններին կոչ էր արել ազատ արձակել Քավալային: Ի պատասխան, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել էր, որ թուրքական դատական համակարգը անկախ է և բոլորը պարտավոր են ընդունել կայացված վճիռը: Նա նույնիսկ Քավալային համեմատել է միլիարդատեր Ջորջ Սորոսի հետ։
«Այդ մարդը Թուրքիայի Ջորջ Սորոսն է և Գեզիի դեպքերի կուլիսային կազմակերպիչը։ Կներեք, բայց այս երկրում իրավական համակարգ կա, դատարան կա, որն այս որոշումը ընդունել է՝ առաջնորդվելով իրավունքի գերակայությամբ ու իր հավատամքներով», - հայտարարել է Էրդողանը:
Մինչդեռ արևմտյան իրավապաշտպան կառույցներն ու ՄԻԵԴ-ը պնդում են, թե թուրքական դատարանի որոշումը քաղաքական է և զգուշացում է Էրդողանի հակառակորդներին։
Օսման Քավալայի ազատազրկումը մեծ հիասթափություն է առաջացրել Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, իրավապաշտպանների և ժողովրդավարության համար պայքարող ակտիվիստների շրջանում: Դատավճռի հրապարակումից հետո մի քանի հազար մարդ արդարության պահանջով Ստամբուլում փողոց էր դուրս եկել՝ բացականչելով՝ «սա դեռ սկիզբն է, պայքարը շարունակվում է»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խոստանում ենք, որ Ռեջեփ Էրդողանը պատասխանատվության կենթարկվի․ Օզգյուր Օզել