Հաշվի առնելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի նախաձեռնած պատերազմը՝ ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպությունը քվեարկությամբ սառեցրել է Ռուսաստանի անդամությունը:
Կառույցն այդ մասին հայտնել է այն բանից հետո, երբ Մոսկվան հայտարարել է, թե որոշել է դադարեցնել անդամությունը:
ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջության կազմակերպության համաժողովը տեղի է ունեցել Մադրիդում: Կազմակերպության պետությունների երկու երրորդը սատարել է ռուսների անդամությունը սառեցնելու որոշումը:
Վճիռն անմիջապես մտել է ուժի մեջ, մինչդեռ, երբ երկիրն է ներկայացնում կազմակերպությունից դուրս գալու դիմում՝ դրա քննարկումը մոտ մեկ տարի է տևում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ այդ կառույցից դուրս գալու հանգամանքը չի ազդի Ռուսաստանում զբոսաշրջության ոլորտի վրա: