Կառավարությունը հաստատում է, որ Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վթարի ժամանակ վարչապետը եղել է շարասյան մեքենաներից մեկում։ Ողբերգական միջադեպից մոտ 24 ժամ անց՝ այսօր, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է՝ վրաերթի պահին վարչապետի ավտոմեքենան եղել է դեպքի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա, և նա տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել:
Միաժամանակ նշվում է, որ Փաշինյանը նկատել է «ընկած կնոջը», և հրահանգել է Շտապ օգնություն կանչել, ապա, տեղեկանալով, որ «տեղի է ունեցել վրաերթ՝ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենայի կողմից», «համապատասխան հրահանգներ է տվել առողջապահության նախարարին և իրավապահներին»:
Պատասխանելով հարցին, թե ինչու Ճանապարհային ոստիկանությունը կանգ չի առել՝ վթարի ենթարկված կնոջն օգնելու համար, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ասել է՝ «այդ դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթևեկությունը և լրացուցիչ խցանումներ առաջացնելով նաև հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով Շտապօգնության մեքենայի մոտենալուն»:
Չախոյանը տեղեկացրել է, որ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցավակցություն հայտնել և երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետը դեռ չի արձագանքել իր շարասյանն ուղեկցող մեքենայի մասնակցությամբ ողբերգական վրաերթին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 28-ամյա հղի կնոջը վրաերթի է ենթարկել ծառայություն իրականացնող ՃՈ մեքենան