Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության երկարաժամկետ հիմունքներով կարգավորման կողմնակից է:
Այդ նպատակով Միացյալ Նահանգները մշակում և առաջ է տանում հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ փոխադարձ վստահության միջոցներ:
«Ես բավական ակտիվ և անմիջական փոխգործակցություն եմ հաստատել թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ղեկավարության հետ: Մասնավորապես, մեկ շաբաթ առաջ հեռախոսով զրուցել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ և փորձում եմ օգնել ու խթանել Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորումը», - ասել է Բլինքենը:
Այդ հայտարարություններով ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի ղեկավարը հանդես է եկել Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում, որի օրակարգում 2023 թվականի պետական բյուջեի նախագծով արտաքին գերատեսչությանը հատկացվելիք գումարի հաստատումն է:
Անդրադառնալով փոխադարձ վստահության խնդրին՝ նա նշել է գործընթացը խոչընդոտող վտանգի մասին:
«Միացյալ Նահանգները դեմ է իրավիճակն ապակայունացնող միակողմանի բոլոր գործողություններին՝ հատկապես Ադրբեջանի կողմից», - ասել է Էնթոնի Բլինքենը սենատորներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը պատրաստ է Երևանին և Բաքվին օգնել համապարփակ խաղաղություն հաստատելու գործում ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բլինքենը Փաշինյանի և Ալիևի հետ զրույցներում շեշտել է դեէսկալացիայի անհրաժեշտությունը