Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին։ Քննարկվել է ռուս-ադրբեջանական հարաբերություններն ու Հարավային Կովկասի գործընթացները։
Ալիևը համոզմունք է հայտնել, որ Օվերչուկի այցի ընթացքում կքննարկվեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերից կազմված եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը՝ առաջին հերթին կապված Հարավային Կովկասում տրանսպորտային և հաղորդակցության ուղիների վերաբացման հետ։
Ալիևը հայտնել է, որ Ադրբեջանի տարածքում անհրաժեշտ 100 կիլոմետր երկաթգծի 60 կիլոմետրը արդեն կառուցվել է, աշխատանքները կավարտվեն 2023-ին։ Նրա խոսքերով՝ ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը ևս Ադրբեջանը կատարում է ժամանակացույցին համապատասխան, բայց Հայաստանը իր տարածքում ճանապարհի կառուցման որևէ աշխատանք չի սկսել։ «Հայաստանը նաև չի ներկայացնում իր տարածքի ճանապարհի կոորդինատները։ Չնայած Ադրբեջանը բազմիցս բարձրացրել է այդ հարցը՝ Հայաստանի կողմից պատասխան չկա»,- ասել է նա։
Նույն դժգոհությունը Ալիևը հայտնել էր նաև անցած շաբաթ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ Բաքվում կայացած հանդիպմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ժամանակն է, որ երկու կողմերը ապացուցեն մտադրությունների լրջությունը բանակցային սեղանի շուրջ․ Ալիև