«Հայաստան» դաշինքն իրազեկման երթ է անցկացնում Երևանում: Ցուցարարների երթը մեկնարկեց Կոմիտասից` շարժվելով Կենտրոն` Ֆրանսիայի հրապարակ: Նրանց առաջնորդում են համանուն խմբակցության պատգամավորները:
ԱԺ փոխնախագահ, խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այս երթերը տևելու են 5 օր, որից հետո մեծ հանրահավաք է լինելու: Նա շեշտեց, որ այս պայքարը ցանցային է, ապակենտրոն, բոլոր քաղաքական ուժերը պայքարում են իրենց ծրագրերով, սակայն բոլորին միավորում է մեկ նպատակ` «օր առաջ հեռացնել չարիքի կառավարությանը»:
«Մենք միասին ամեն օր Երևանում կազմակերպելու ենք բողոքի տարբեր ակցիաներ, երթեր և ցույցեր: Առաջիկա 5 օրերի ընթացքում մեր նպատակն է ամբողջ Հայաստանում մեր ժողովրդին ոտքի կանգնեցնել: Մայիսի 1-ին մենք մինչև մեր գործընկերների Երևան հասնելը ունենալու ենք մեծ հանրահավաք: Օրվա իշխանությունը մանդատ չունի երկիրը նոր զիջումների տանելու», - հայտարարեց նա:
Երթն առանց միջադեպերի չի ընթանում: Իրավիճակը լարվեց, երբ պատգամավոր Գեղամ Մանուկյանը փորձեց արագաչափի վրա փակցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, ինչը ոստիկաններն արգելում էին, քաշքշուկ սկսվեց կողմերի միջև: Ցուցարարներից մի քանիսը գետնին ընկան: Սակայն այդ լարված իրավիճակում հնարավոր չեղավ պարզել` նրանք բերման ենթարկվեցին, թե ոչ:
Մենք դուրս ենք եկել վճռական պայքարի. Աննա Գրիգորյան
Պատգամավորներից Աննա Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ սա վճռական պայքար է, ընդդիմությունը խորհրդարան չի վերադառնալու, պայքարը շարունակելու է փողոցում:
«Մենք դուրս ենք եկել վճռական պայքարի: Առավել քան վճռական ենք, որովհետև Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթն Ազգային ժողովում այն մասին էր, որ ինքն ու իր քաղաքական թիմը պատրաստ են տեսնել Արցախն Ադրբեջանի կազմում: Եթե նրանք այդ վճիռը կայացրել են, ապա մենք առավել քան վճռական պետք է լինենք հակազդելու այդ որոշմանը: Մենք միշտ ասել ենք, որ և՛ փողոցում ենք լինելու, և՛ խորհրդարանում: Այսօր խորհրդարանում ասելիքն ավարտված է, և մենք պետք է լինենք փողոցում` համախմբելով ամբողջ հայ ժողովրդին, հայ ազգին մի օրակարգի շուրջ` պահելու Արցախը հայկական, Ադրբեջանի կազմից դուրս և թույլ չտալու որևէ տարածքային զիջում ՀՀ սուվերեն տարածքից»:
ՀՅԴ երիտասարդներն այս կեսօրին Կոմիտասում ակցիաներ են իրականացնել, փակել են ճանապարհը, բարձրացել ավտոբուսների վրա, ոստիկանները նրանց բերման են ենթարկել:
«Հայաստան» խմբակցությունն այսօրվանից փողոցային ակցիաներ է սկսել: Ընդդիմադիրներն առավոտյան «Զարթնիր Լաո» կարգախոսով Իջևան քաղաքից քայլերթ են սկսել դեպի Երևան։ Լեռնային Ղարաբաղի հարցում իշխանություններին անհարկի զիջումների համար մեղադրող ընդդիմադիրները պնդում են՝ Հայաստանն այժմ կանգնած է ոչ միայն նոր զիջումների, այլև պետականության կորստի վտանգի առջև:
«Դիմադրություն» շարժման ակցիան մայթերին կանգնած քաղաքացիները ողջունում են, մեքենաներն են ազդանշաններով արձագանքում:
Your browser doesn’t support HTML5