Հայաստանի ու Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային հարցեր

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Նյու Դելիում հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ` քննարկելով տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

Միրզոյանը ներկայացրել է հարավկովակասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հնդկաստանի դիրքորոշման վերաբերյալ։

Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը խաղաղ գործընթացի առաջմղման գործում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն:

Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները:

Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Հնդկաստանին` Ջամմուի և Քաշմիրի հարցում:

Միրզոյանն ու Ջայշանկարը անդրադարձել են նաև երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությանը, համագործակցությանը, ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Միրզոյանն ընդգծել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Հայ-հնդկական հարաբերությունները սկսեցին նկատելիորեն ակտիվանալ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Պակիստանը, որը մի շարք հարցերում Հնդկաստանի հետ հակամարտության մեջ է, Ադրբեջանին ցուցաբերեց դիվանագիտական և ռազմական աջակցություն։

Արտգործնախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը հանդիպել էին նախորդ սեպտեմբերին Դուշանբեում, ապա մոտ մեկ ամիս անց միջուկային տերություն հանդիսացող Հնդկաստանի արտգործնախարարը Երևան այցելեց՝ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների գրեթե երեսունամյա պատմության ընթացքում առաջին անգամ։

Իր հերթին, Հնդկաստանի արտգործնախարարը Թվիթերում գրել է, որ իր այցելությունից հետո շատ առաջընթաց կա:

«Քննարկել ենք առևտրի, կապի, մշակույթի և ուսուցման համագործակցությունը», - նշել է նա: