Սահմանից զրո հեռավորության վրա. Բագարան

Կարս-Իգդիր ավտոմայրուղով սլանում է սպիտակ ավտոբուսը, հետո մի ոստիկանական մեքենա: Մի քիչ դանդաղ գնան, պետհամարանիշներն էլ կերևան: Քիչ ներքև թրքուհի հովիվը գառներին տուն է քշում, մինարեթի կողքին թուրքերի տներն են, Հալըքըշլաղ գյուղն է, հետո հայերի տներն են՝ Բագարանն է:

Վերևից նայելիս մինարեթը չտեսնելու տաս, Հալըքըշլաղ-Բագարան մի գյուղ է:


Հայ -թուրքական սահմանի բաժանարարն այստեղ Ախուրյան գետն է, որ միանում է Արաքսին: Գետի ձկների համը բագարանցիները լավ գիտեն, թեպետ ձկնորսությունը ռուս սահմանապահների արգելքի տակ է:

«Ընտիր համ ունի, նենց լավ ձկներ եմ բռնում, որ ասելու չի ու թաքուն», - ասում է բագարանցի Կարեն Գալոյանը: Նա այս կյանքից դժգոհ չէ, միայն թղթատարությունն է շատ: Շատերը գետի ափամերձ հատվածներում հողեր ունեն, սահմանային գոտի է համարվում, ելումուտը հատուկ անցագրերով է, հստակ ժամերի: Միրգ-բանջարեղենն իր ջրելու ճիշտ ժամերն ունի. Կարենն ասում է` անցագրային խիստ ռեժիմի մեջ հողի գործը դժվար է. «Ձմերուկը այն կուլտուրան է, որ ժամանակ կա` պիտի ջրվի խոսքի իրիկունը, որ կարողանաս նորմալ եկամուտ ստանաս, բայց չեն թողնում էդ ժամերին մեզ ներս, ու մենք խնդրի առաջ ենք կանգնում»:

Երկու օր առաջ էլ մի բագարանցի սիբեխ հավաքելով էր տարվել սահմանային գոտում, գործը մինչև ոստիկանություն հասավ: Ալոճ, մասուր, ծնեբեկ, այնքան համով բաներ են աճում ռեժիմային տարածքում: Տիկին Գայանեն փշալարից կես մետր այս կողմ զգուշորեն սեզոնի կանաչին է հավաքում՝ խննուկը, կուզես` տապակի, կուզես` աղ ցանի՝ կեր, միայն փշալարին չդիպչես. «Դրան կպար, արդեն վայեննին կգա, մի հատ գնացիր մոտիկ, վերջ, բռնում, տանում են օտրյադ»:

Հայ-թուրքական սահմանի այս հատվածում միջադեպերը այսքանով էլ սահմանափակվում են: Բագարանցիները դա անվանում են անցումներ, այսինքն` կողմերը սահանի գիծը կա՛մ չեն տեսնում, կա՛մ չտեսնելու են տալիս:

Թուրքերի հետ հարևանություն, առևտուր անելու թեման ուղղակի խուճապի է մատնում 82-ամյա Վարդուշ Փիլոյանին. «Չէ, չէ, շնորհակալ ենք իրենց առևտրից էլ, իրենցից էլ, հոժար չեմ»:

Լսել է՝ իշխանությունները խոսում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանները բացելու մասին, այնքան լարվեց, ոտքի ցավը սրվեց. «Հերու էս վախտ սգի մեջ էինք… Ղարաբաղում որ էդ երեխեքը զոհվեցին, ո՞ւմ համար, մեզ համար չէ՞ր»:

Չեմ սիրում, չեմ ուզում. մի քանի մետր այն կողմ գտնվողների հետ շփմանը նույնքան կտրուկ դեմ է Արմանուշ Մարգարյանը. «Չէ, ի՞նչ շփվելու բան է, որ շփվեմ, մեզ ջարդեն, հետո էլ գնամ-գա՞մ, ես չեմ ուզում, որ բացվի ճանապարհը»:

Գյուղի կենտրոնում տրամադրությունները մի քիչ այլ են՝ այստեղ խիստ տեսանելի է Բագարանի ասֆալտապատ ճանապարհը, կահավորված կարևոր ցուցանակներով:
Այս իշխանությունն է ասֆալտապատել, բագարանցիները գոհ են, բայց ոչ այնքան, որ հայ-թուրքական շփումները ողջունեն առանց վերապահումների:

Բնակիչներից Քաջիկ Սահակյանն ասում է՝ տնտեսական կապեր, խնդրեմ, միայն թե պետք է հետևել, որ թուրքերն իրենք չհաստատվեն, բիզնեսները չբերեն, Հայաստանի տարածքում չտեղավորեն: Հետևում է՝ հարևան Հալըքըշլաղ, Ալիջանում ինչ տներ են ծավալվում. «Ստեղ ոնց որ սաղ գոմ լիներ իրենց տները, գոմի մեջ էին ապրում, իսկ հիմա գնա, տես` ինչ շենքեր են սարքել»:

Իհարկե, ավելացնում է՝ Բագարանի հետ համեմատվել չեն կարող, այս կանաչ գյուղում է ծնվել:

Թուրքիայի հետ ճանապարհը բացվի, մեր գյուղն էլ կզարգանա, չի կասկածում Թոռնիկ Ղազարյանը: Թշնամանք կա, ասում է, բայց սահմանի ծանր փշալարը միայն խանգարում է. «Ես կողմ եմ ճանապարհի բացմանը, պատկերացրեք` սենց Թուրքիա ճանապարհ գնա, էս մեր գյուղացին ոնց կապրի, ճանապարհի վրա մի հատ քյաբաբնոց կդնի, խանութ, կհարստանա»:
Չէ ու չէ, Վարշամ Ղազարյանի կարծիքն է: Ասում է, ոչինչ որ շատ մոտ ենք, շփում պետք չի:

Այսպես, Բագարանի 720 բնակիչներն ամենատարբեր մտքերն ունեն հարևանի հետ տալ-առնելու թեմայի շուրջ: Մարտի մեկին խոշորացված այս համայնքը նոր վարչական ղեկավար ունի. Իշխան Գալոյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձից դրական ակնկալիք ունի. «Ես լավ եմ վերաբերվում այդ հարցին, որովհետև չի կարելի թշնամանքով երբեք ապրել սաղ կյանքներս, վերջը պետք ա էս հարցը լուծվի»:


Գալոյանը փշալարի պես շոշափելի մեկ այլ մարտահրավեր ունի՝ Բագարանի խմելու ջուրն է, վերջին անգամ այն ծորակներից հոսել է հեռավոր 1979 թվականին՝ գյուղի ներքևում խմելու ջրի աղբյուրն է: Այստեղ միշտ մեքենաների հերթ է, ով ինչով կարողանում է, ջուր է տուն կրում: Երբեմն դրսից են հյուրասիրում: Բաղրամյան խոշորացված համայնքի ղեկավարն ու վարչական ղեկավարը խոստանում են՝ խմելու ջրի հարցի լուծումը մոտ է, հաշվարկներ են անում. «Ջրային գծի նախագիծ ենք անում, նախահաշվարկ օրենքի սահմաններում, որ ջրագծերի, խմելու հարցը լուծվի», - նշում է Գալոյանը:

Պղտորված անձրևաջուրը գյուղում առատ է, ինչքան հնարավոր է, փոխարինում է խմելու ջրին: Բագարանում գազ էլ չկա, մի անգամ գյուղը ներդրում է արել ու գազամատակարարաման գործընթաց սկսել, բայց այն ավարտվել է քրեական պատմությամբ՝ «Հայռուսգազարդի» Արմավիրի նախկին պատասխանատուի մասնակցությամբ:
Գյուղի զարգացման ծրագրում գազի հարցն էլ կա, որ պետք է լուծված լիներ նախորդ տարի:


Աշխարհաքաղաքական ու ներքաղաքական հարցերում բագարանցի Քաջիկ Ղազարյանի ընդդիմությունը իր իսկ տիկինն է. Նինա Ղազարյանը վստահում է այսօրվա իշխանությանն ու նրանց նախաձեռնություններին, իսկ ամուսինը թուրքերի հետ առևտուր անելն ընդունելի է համարում, բայց շեշտում է՝ չմոռանալ այն ամենն, ինչ արեցին թուրքերն ու ադրբեջանցիները:

Բագարանում մինչև 80-ականների վերջ մի քանի տասնյակ ադրբեջանցի ընտանիքներ են ապրել, խնդիր այդ ժամանակ, իհարկե, չկար, հիշում է Ղազարյանը: Ի վերջո իր ցուցադրած ֆիլմերը հայերն ու ադրբեջանցիները միասին էին դիտում՝ համատեղ ծիծաղով ու արցունքով:
Ծովի պես բերնեբերան լցվում էր հնդկական կինոյի ժամանակ, թախծում է կինոմեխանիկը. «Շատ-շատ մարդ էր գալիս, ամբողջ գյուղը` մերումանուկ»:

Բագարանի մշակույթի տունը վաղուց ավերակ է. կինոմեխանիկը հիմա հետևում է դիվանագիտական սերիաներին:

Նրա արմատները Կարսի նահանգում են, իր Գրիգոր հայրիկի ծննդավայրն է։ Մեկ քայլ աներ՝ կհասներ. «Բինգյոլից Մասիս Ղարսն է, որ Լենինը տվեց թուրքին»:

Բագարան հեռավորությունը հայ- թուրքական պետական սահմանից՝ 0. գրված է գյուղի վերաբերյալ պաշտոնական տեղեկագրերում։

Your browser doesn’t support HTML5

Սահմանից զրո հեռավորության վրա . Բագարյան

Your browser doesn’t support HTML5

Սահմանից զրո հեռավորության վրա. Բագարան