Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ի առիթով ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին, որն ընթերցվել է պատրիարքարանի մայր եկեղեցում կիրակնօրյա պատարագի ժամանակ:
«Մեկ անգամ ևս հարգանքով եմ հիշում Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում մահացած օսմանյան հայերին և անկեղծ ցավակցությունս հայտնում նրանց ողջ մնացած հարազատներին», - մասնավորապես ասված է ուղերձում:
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Առաջին աշխարհամարտին հաջորդող տարիներն Օսմանյան կայսրության միլիոնավոր զավակների համար շատ ցավալի շրջան են եղել: Նրա պնդմամբ` մարդկության պարտքն է կիսել այդ ընդհանուր ցավը՝ առանց կրոնական, էթնիկ ու մշակութային խտրականության:
Թուրքիայի նախագահը իր ուղերձում շեշտել է «անցյալի վերքերը միասին ամոքելու և մարդկային կապերը ավելի ամրապնդելու կարևորությունը»:
«Հավատացած եմ, որ այս տրամաբանությամբ ցավերը ավելի խորացնելու փոխարեն պետք է միասին կառուցենք ապագան՝ ներշնչվելով հազար տարվա արմատներ ունեցող մեր համակեցությունից», - ասված է ուղերձում:
Անդրադառնալով հայ-թուրքական բանակցային գործընթացին` Թուրքիայի նախագահը նշել է, որ գիտի և շատ կարևորում է, որ հայ համայնքը անկեղծորեն սատարում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին և երկու երկրների միջև սերտ համագործակցությանը:
«Ակնկալում եմ, որ դուք էլ ձեր հզոր ներդրումը կունենաք երկար տարիներ անց մեր տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության համար առաջացած պատմական հնարավորության արժևորման հարցում», - ասել է Էրդողանը` վստահեցնելով՝ «ամեն ջանք գործադրելու են Թուրքիայի հայ քաղաքացիների խաղաղ ու անվտանգ կյանքի ապահովման համար»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիան ու Ադրբեջանն առ այսօր չեն դադարեցնում իրենց ոճրագործ քաղաքականությունը հայերի նկատմամբ. Արցախի ԱԳՆ