Աֆղանստանում վերջին մի քանի օրվա ընթացքում արդեն չորրորդ ահաբեկչությունն է տեղի ունեցել։ Նախօրեին երկրի հյուսիսում գտնվող մզկիթի ենթադրյալ պայթյունից հետո առնվազն 33 մարդ է զոհվել, ևս 43-ը՝ վիրավորվել։ Զոհվածների թվում կան երեխաներ։
Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։
Թալիբների ներկայացուցիչը դատապարտել է տեղի ունեցածը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին:
Անցնող շաբաթ պայթյուն էր որոտացել նաև Քաբուլի կրոնական դպրոցներից մեկում, վեց մարդ մահացել է, ապրիլի 21-ին մզկիթում տեղի ունեցած ահաբեկչությունն էլ 16 մարդու կյանք է խլել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը։ Ըստ թալիբների՝ այդ պայթյունների կազմակերպիչներից մեկն արդեն կալանավորվել է։