Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հետ գործընկերությունը խորացնելու, տարածաշրջանային խաղաղությանը միտված ջանքերը շարունակելու ԵՄ հանձնառությունը:
Նրանք այսօր խոսել են ԵԽ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի խնդրին, երկու երկրների միջև սահմանագծմանը և սահմանազատմանը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցերի:
Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում են կառավարության լրատվականից:
Մոսկվայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում։ Երեկ էլ պաշտոնական Մոսկվան հայտարարել էր, թե Բրյուսելը ուզում է Ռուսաստանից խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։
Տոյվո Կլաարին ավելի վաղ ընդունել էին ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ նախքան այդ էլ նա Բաքվում էր հանդիպումներ ունեցել: Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը ԵՄ պաշտոնյան ասել է, որ Ադրբեջան կատարած իր այցի նպատակն է ապահովել համաձայնեցված հարցերի իրականացումը։
Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ բանակցությունների արդյունքում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին մինչև ամսվա վերջ համատեղ հանձնաժողով ստեղծել, որը պետք է զբաղվի երկու երկրների սահմանազատմամբ՝ դելիմիտացիայով, ինչպես նաև ապահովի սահմանի երկայնքով ու հարակից տարածքներում «կայուն անվտանգային իրավիճակը»։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը նաև ցանկություն էին հայտնել արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ: