«Մաշինա վրեմենի» խմբի համերգները չեղարկվել են

«Մաշինա վրեմենի» ռուսական ռոք խմբի հիմնադիր և երգիչ Անդրեյ Մակարևիչը, արխիվ

Ռուսաստանում չեղարկվել են «Մաշինա վրեմենի» հայտնի ռոք խմբի բոլոր ծրագրված համերգները: Այդ մասին խմբի մենեջերն այսօր հայտնել է ՌԻԱ Նովոստի ռուսական լրատվական գործակալությանը:

Համերգները չեղարկելու պատճառը չի նշվում, սակայն հայտնի է, որ վերջին օրերին Կրեմլին սատարող լրագրողները, հրապարակախոսները, հեռուստամեկնաբանները և սոցցանցերի օգտատերերը խստորեն քննադատել են խմբի հիմնադիր, երգահան և երգիչ Անդրեյ Մակարևիչին՝ պատերազմի վերաբերյալ նրա հայտնած կարծիքների համար:

Մարտ ամսվա սկզբին Մակարևիչը սատարել է պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանը լքած անվանի արվեստագետներին:

Խոսքն ուղղելով պատերազմի աջակիցներին, Մակարևիչն իր բլոգում գրել է. «Լսում եմ գնացողների՝ Ալայի (Պուգաչովա, երգչուհի), Մաքսիմի (Գալկին, կատակերգու դերասան, Պուգաչովայի ամուսինը), Չուլպանի (Խամատովա, դերասանուհի), Զեմֆիրայի (Ռամազանովա, ռոք երգչոուհի) հետևից ձեր վնգստոցը: Ռուսաստանն է ձեզնից հեռացել, դուք ... [հայհոյանք], որովհետև նրանք են Ռուսաստանն, այլ ոչ թե դուք»:

Մարտի 15-ին երաժիշտը «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստածրագրին տված հարցազրույցում դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը:

Երեկ Մակարևիչն իր բլոգում գրել է, թե Ռուսաստանում «Մաշինա վրեմենիի» համերգների չեղարկումը երկար պատմություն ունի:

«Մեզ արգելել են 1970-ականներին, 1982-ի սկզբին և 2014-ից հետո: Վաղուց ենք ապրում, կշարունակենք ապրել»,- գրել է Անդրեյ Մակարևիչը: