Վաշինգտոնն արգելում է ռուսական նավերին մտնել ամերիկյան նավահանգիստներ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Սպիտակ տան «Ռուզվելտի սենյակ», Վաշինգտոն, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի պատերազմի հարցով այսօրվա ուղերձում հաղորդել է նոր պատժամիջոցի մասին, որը գործելու է Ռուսաստանի քաղաքացիական նավատորմի նկատմամբ:

«Այսօր ես հայտարարում եմ, որ Միացյալ Նահանգներն արգելում է ռուսական նավերի ընդունումը մեր նավահանգիստներում: Այդպես է որոշվել նաև Եվրոպայում: Դա նշանակում է, որ ոչ մի նավ, որը նավարկում է ռուսական դրոշի տակ, հանդիսանում է Ռուսաստանի սեփականությունը կամ շահագործվում է ռուսաստանցու կողմից՝ հետայսու չի կարողանա մոտենալ մեր ափերին կամ խարիսխ գցել մեր նավահանգիստներում»,- ասել է Բայդենը:

Եվրամիության ընդունած նմանօրինակ օրենքը ենթադրում է բացառություններ գյուղմթերք, պարեն, մարդասիրական օգնություն և էներգակիրներ փոխադրող նավերի համար: