«Նովատեկ» ընկերության նախկին բարձրաստիճան պաշտոնյա, մեծահարուստ ռուսաստանցի Սերգեյ Պրոտոսենյան, նրա կինը և դուստրը զոհվել են Իսպանիայում:
Ընտանիքն առանձնատուն էր վարձել Բարսելոնայի մոտակայքում գտնվող Լորետ դե Մար առողջարանային ավանում:
Ըստ նախնական վարկածի, Պրոտոսենյան կացնով և դանակով սպանել է կնոջն ու դստերն, ինչից հետո կախվելով անձնասպան է եղել:
Կատալոնիայի ոստիկանությունը չի բացառում նաև մեկ ուրիշ վարկած, ըստ որի այլ անձինք կարող էին կատարել, ապա փորձել միլիոնատիրոջը վերագրել այդ հանցագործությունը:
«Նովատեկը» գազ արդյունահանող ռուսական ընկերություն է: Սերգեյ Պրոտոսենյան դրա նախկին գլխավոր հաշվապահն է:
Ենթադրվում է, որ նրա անձնական ֆինանսական միջոցների չափը հասնում է 400 միլիոն եվրոյի: Վերջին տարիներին նա կնոջ և դստեր հետ հիմնականում բնակվել է Ֆրանսիայում:
Կատալոնիայում նրա հարևաններն ասում են, թե ռուսաստանցու վարձած վիլլայից երբեք ինչ-որ աղմուկ կամ բղավոցներ չեն լսել, ոչ մի բան չի վկայել բռնության հնարավորության մասին, ընտանիքը երբեք չի գանգատվել կամ խոսել ինչ-որ վտանգի մասին: