Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեն Սաքին ապրիլի 20-ին ասել է, թե «Սարմատ» տեսակի նոր միջմայրցամաքային ռուսական հրթիռի փորձարկումը չի կարող որևէ կերպ փոխել Միացյալ Նահանգների դիրքորոշումն Ուկրաինայի հարցում:
Խոսնակի փոխանցմամբ՝ Վաշինգտոնը որպես նախազգուշացում կամ սպառնալիք չի ընկալում ռուսական ռազմական նոր հրթիռի արձակումը:
«Նրանք [ռուսական կողմը] ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի պահանջին համաձան մեզ տեղեկացրել են այդ հրթիռի փորձարկման մասին: Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել է, որ փորձարկումները չի համարում վտանգ Միացյալ Նահանգների կամ դաշնակիցների համար», - ասել է Սպիտակ տան մամլո պատասխանատուն:
Ջեն Սաքիի խոսքով` «ռուսական հրթիռների փորձարկումների ժամանակը կամ ծավալը չեն կարող փոխել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակմանը հակազդելու Միացյալ Նահանգների մոտեցումը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը նոր միջմայրցամաքային հրթիռ է փորձարկել