Թուրքական Բուրսա քաղաքում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի պաշտոնական Anadolu լրատվական գործակալությունը։
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ, հարձակման թիրախը քաղաքի կալանավայրերից մեկի աշխատակիցներին տեղափոխող ծառայողական ավտոբուսն էր։
«Հարձակման ընթացքում, ըստ ամենայնի, ինքնաշեն պայթուցիկ սարք է կիրառվել։ Այս պահին նաև հայտնի է, որ վիրավորներից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում», - լրագրորղների հետ զրույցում տեղեկացրել է Բուրսայի նահանգապետ Յակուպ Ջանփոլաթը։
Ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել թուրքական բանակի՝ Հյուսիսային Իրաք ներխուժման մեկնարկից երկու օր անց։
Պաշտոնական Անկարան հայտարարում է, որ հարևան պետության տարածքում իրականացվող ռազմական գործողության նպատակը Քրդական բանվորական կուսակցության (PKK) ճամբարների վերացումն է։