Ուկրաինայի Գլխավոր շտաբ․ «Ռուսական հարձակումը երկրի արևելքում շարունակվում է»

Արխիվային լուսանկար

Պաշտոնական Կիևի պնդմամբ՝ ռուսական բանակի հարձակումը երկրի արևելյան շրջաններում շարունակվում է։ «Ռուսական ստորաբաժանումների հարվածների հիմնական ուղղությունը Դոնբասում է», - հայտարարում է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը։

«Թշնամին փորձում է խորանալ Պոպասնայա բնակավայրի տարածքում։ Ռուբեժնոյե և Սևերոդոնեցկ քաղաքների ուղղությամբ իրականացված գրոհներից հետո շուրջ 130 վիրավոր ռուսաստանցի զինվորականներ տեղափոխվել են այդ շրջանում գտնվող Նովոայդար քաղաքի հիվանդանոց։ Ռուսական կողմի գրոհների հիմնական ուղղությունը շարունակում է մնալ Մարիուպոլը։ Ռուսական բանակը շարունակում է հարձակումը «Ազովստալ» գործարանի տարածքում», - հայտարարում է Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Շպուտունը։

Ուկրաինական բանակի հրամանատարության տվյալներով՝ անցած 24 ժամերին ռուսական բանակը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում կորցրել է 12 տանկ, 28 հետևակի մարտական մեքենա և մեկ հրետանային համակարգ։