Իմ որդին եթե զրահաբաճկոն ունենար, ողջ կմնար. զոհված զինվոր հայր

 Կարեն Միրզոյան

18-ամյա որդու զոհվելուց հետո Կարեն Միրզոյանը փորձում էր պատասխանատուներին փնտրել ու նրանց մեղադրյալի աթոռին տեսնել։ Բայց հետո հասկացավ՝ խնդիրը համակարգային է, ու մեղավորներն մեկը կամ երկուսը չեն. - «Ուզում էի դատի տալ, հայտարարեցի նույնիսկ, որ պատասխանատուներին դատի եմ տալու, բայց հետո տեսա, որ էնքան մարդ կա դատի տալու։ Առնվազն երկու նախագահ, մի քանի պաշտպանության նախարար, զորամիավորումների հրամանատարներ»։

Զրահաբաճկոնների ու սաղավարտների անհրաժեշտության մասին որդին ու նրա ծառայակիցները բարձրաձայնել են հատկապես, երբ դրանց բացակայության պատճառով պատերազմի ամենաթեժ պահերին ընկերներն էին զոհվում։ Անգամ դրանից հետո տղաներն առանց տարրական պաշտպանության էին, պատմում է հայրը. - «Ինքը հրետանում էր ծառայում։ Տեսել են, որ Բայրաքթարները մեծ վնաս են հասցնում, տղերքը զոհվում են, դիմել են իրենք զրահաբաճկոն ստանալու համար, իրենց պատասխանել են, որ ձեզ զրահաբաճկոն չի հասնում»։

57-ամյա տղամարդը մտածում է՝ անգամ եթե պաշտպանական տարրական կառույցներ լինեին առաջնագծում, տղան միգուցե ողջ լիներ... եթե-ների շարքը շատ է։

Խնդիրների մասին որդու բանակ զորակոչվելու հենց առաջին օրվանից է իմացել։ Մինչ այդ բանակի մասին պատկերացումները կատարյալին մոտ էին. - «Արատները մի փունջ են կազմում, որոնք համակարգային են և այո, չէին կարող առաջ գալ ընդամենը կես տարվա մեջ, մի տարվա մեջ։ Դրա համար առնվազն երկու տասնամյակ էր պետք»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը». վարչապետ

Որ բանակում բավարար թվով զրահաբաճկոններ ու սաղավարտներ չեն եղել, օրեր առաջ խորհրդարանի ամբիոնից վարչապետը հայտարարեց։ Այս մասին Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ էլ էր խոսել. - «Ես ձեզ ասում եմ՝ ես առաջին անգամ պատերազմի մեկնարկից մի քանի օր հետո եմ իմացել, որ մեր բանակում կա սաղավարտի և զրահաբաճկոնի խնդիր»։

Իսկ թե ինչու դրա մասին ինքը տեղյակ չէր, կառավարության ղեկավարը ելույթի ընթացքում չպարզաբանեց։ Այս հայտարարությանը հաջորդեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի արձագանքը։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան, որը կես տարուց ավելի է՝ կալանավորված է անպիտան հրիթռների գործով, հայտարարության տեքստում ակնարկել էր՝ Փաշինյանը տեղյակ է եղել խնդրից. - «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների և զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված է Սպառազինությունների և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում, որը վերջին անգամ վերահաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ»։

Սպառազինության, զրահաբաճկոնների, սաղավարտների գնումների նկատմամբ եթե խորհրդարանական լուրջ վերահսկողություն լիներ, իրավիճակն այլ կլիներ,- համոզված է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը. - «Ազգային ժողովը ամբողջությամբ այդ ինֆորմացիային կարող է տիրապետել, ունի այդ գործիքակազմը և պետք է ու կարող է պահանջել և ստանալ գործադիրից այդ ինֆորմացիան։ Թե ինչ է արվում, ցավոք, մենք չգիտենք»։

Սոնա Այվազյան

Թե կոնկրետ ով և որտեղ է թերացել, ով է մեղավոր, հստակ ասել հնարավոր չէ, ասում է Այվազյանը՝ նկատելով, որ բանակի մասին տեղեկատվությունը փակ է։ Իսկ եզրահանգումների համար որոշակի տեղեկություն է պետք. - «Մի բան մենք հստակ ենք պահանջում, որ կա որոշակի ինֆորմացիա, որ պետք է հասանելի լինի։ Օրինակ, նույն ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, որը բազմիցս խոստացվել է, որ կարող է առնվազն որոշ հատվածներով հրապարակային դառնա հասարակական կազմակերպությունների համար։ Ինչո՞ւ չի արվել»։

Որդուն 44-օրյա պատերազմում կորցրած Կարեն Միրզոյանը որդու մահվան պատճառների շատ պատասխանները այս ընթացքում գտել է։ Իսկ նման պատմություններ, որ պաշտպանական կառույցների, անհրաժեշտ պարագանների բացակայության ու սխալ հրամանների պատճառով շատ զոհեր եղել, մեկը կամ երկուսը չեն. - «Մեկը պիտի՞ պատասխան տա դրա համար»։