12-ամյա տաղանդաշատ թավջութակահար Իզաբելլ Վայնսհայմերը ծնվել և բնակվում է Գերմանիայում, որտեղ 6 տարեկանից սկսած մի շարք պատանեկան մրցույթների հաղթող է ճանաչվել։
Իզաբելլը երեք տարեկանից դաշնամուր է սկսել նվագել, իսկ չորսից՝ թավջութակ։ Առաջին ելույթը ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ 6 տարեկանում է եղել։ Իզաբելլի ծնողները նույնպես երաժիշտներ են՝ դաշնակահարներ։ Հայրը գերմանացի է, իսկ մայրը՝ Շուշան Հունանյանը, ծնվել է Երևանում, սովորել Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, որտեղ էլ վաղը նրա դուստրը հանդես կգա համերգով դպրոցի կամերային նվագախմբի հետ։
Ի դեպ, Իզաբելլը առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել 5 տարի առաջ՝ 7 տարեկան հասակում դաշնակահար ծնողների հետ համատեղ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կայացած համերգի ընթացքում հիացնելով ունկնդիրներին։ Իսկ վաղը կայանալիք համերգին պատանի թավջութակահարը մեծ պատասխանատվությամբ է նախապատրաստվել, չէ՞ որ հիմա արդեն 12 տարեկան է և մեծ սիրով համագործակցում է պատանեկան այս նվագախմբում հանդես եկող իր սերնդակիցների հետ։
Այսօր հերթական փորձից առաջ Իզաբելլ Վայնսհայմերն ասում էր, որ շատ ժամանակ է անցել Հայաստանում իր առաջին ելույթից հետո և հիմա շատ է ուզում պարբերաբար նվագել այստեղ այլ պատանի երաժիշտների հետ։ Ուշագրավ է, որ 12-ամյա թավջութակահարուհին նաև այլ երազանք ունի. - «Ես ուզում եմ դերասանուհի դառնալ»։
Պատանի թավջութակահարուհու մայրը՝ Շուշան Հունանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց. - «Իմ աղջնակը չորս տարեկանից նվագում է թավջութակ։ Ուղղակի Գերմանիայում այդպես է, որ չկա մասնագիտական դպրոց, ամեն ինչը մասնավոր ձևով է ընթանում, և երեխաներին շատ ազատություն են տալիս։ Սկզբից չի որոշում նրանք կդառնան երաժիշտ, թե ոչ, այլ նրանք ընտրում են, երբ դառնում են արդեն չափահաս։ Մրցույթների սկսել է վեց տարեկանից մասնակցել։ Նա շատ լուրջ ձևով է պարապում թավջութակ, շատ ինտենսիվ։ Ես հետևում եմ իհարկե այդ ամբողջ ընթացքին։ Հաճույքով է նվագում, և հիմա մեծ ուրախությամբ էստեղ պիտի ելույթ ունենա։ Մենք արդեն երեսուն տարի է դրսում ենք ապրում, Գերմանիայում, և իմ մեջ մեծ ցանկություն կա կապ հաստատել Հայաստանի հետ։ Այստեղ կան չքնաղ երաժիշտներ, երիտասարդ նոր ուժեր, որոնք իրոք լի են եռանդով։ Ես ուզում եմ կապ ստեղծել Հայաստանի և Գերմանիայի միջև, քանի որ ինքս աշխատում եմ Դյուսելդորֆի կոնսերվատորիայում և ուզում եմ, որ սերտ կապեր ստեղծել և' կոնսերվատորիայի հետ, և' տասնամյակի հետ։ Դա իմ հետագա նպատակն է և մեծ ցանկությունն է, որ մենք կամուրջներ ստեղծենք»։
Վաղը Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում կայանալիք համերգի դիրիժոր, դպրոցի կամերային նվագախմբի հիմնադիր Դավիթ Մարուխյանն ասաց. - «Մենք ունենք հյուր ոչ միայն Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այլ, կարծում եմ, Հայաստանում առհասարակ։ Մեր հյուրը ժամանել է Գերմանիայից, շատ շնորհալի երեխա է, տասներկու տարեկան։ Գերմանիայում ծնված, մեծացած երեխա, որը զբաղվում է երաժշտությամբ, ուսում է ստանում Գերմանիայում։ Եվ այս երեխան եկավ, և մենք սկսեցինք նրա հետ փորձել արդեն մի շաբաթ է։ Երեխաները նրա հետ ընկերացան, ջերմացան»։
Իսկ Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոնստանդյանն ընդգծեց. - «Շատ կարևորում ենք մեր դպրոցի աշակերտներից կազմված կոլեկտիվները՝ սիմֆոնիկ նվագախումբն է, կամերային նվագախումբն է։ Ասեմ, որ կոնցերտ է, աշակերտի համար՝ Կաբալևսկի, թավջութակի կոնցերտ։ Եվ երեխաները, իմանալով, որ բավականին ծավալուն է, որովհետև ժամանակահատվածը կարճ է, մեծ ոգևորությամբ ստեղծագործությունը սովորեցին։ Այս համագործակցությունը Իզաբելլի և նվագախմբի շատ հետաքրքիր է անցնում։ Ամենակարևորը՝ որ երաժիշտներ են, պատանի, բայց երաժիշտներ են»։