«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ` միասին համախմբվելու, պայքարելու հանուն Հայաստանի ու Արցախի: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Վանեցյանը հայտարարեց, որ «եկել է այն կրիտիկական պահը», որ այլևս հոդվածներ գրելով ու սոցցանցերում գրառումներներ անելով, ելույթներ ունենալով որևէ բանի չեն կարող հասնել:
«Ես եկել եմ Ազատության հրապարակ, չեմ պատրաստվում այլևս վերադառնալ տուն, ուզում եմ լինել այստեղ, շփվել յուրաքանչյուրիդ հետ, խոսենք, հասկանանք` ինչ է կատարվում, և ինչ պետք է անենք», - ասաց նա:
Վանեցյանը, որ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն է, շեշտեց, որ իշխանությունների կողմից վերջին օրերին արվող արտահայտությունները խոսում են այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ:
«Պատրաստ են Արցախը հանձնել թշնամուն, և հասել ենք նրան, որ խնդիր ունենք Հայաստանի անվտանգության հետ», - նկատեց նա:
«Ընդդիմությունը ձեռքերը ծալած նստած չէ: Պատրաստ եղեք, մեծ գործ ունենք անելու...»,- ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել էր մյուս ընդդիմադիր` «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ գործողությունների մասին է խոսքը։ Նույն խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն «Ազատության» հետ զրույցում երեկ ասել էր, որ գործուն քայլեր են ձեռնարկվում, բոլոր գործիքակազմերն օգտագործվելու են:
Ընդդիմության քայլերի մասին քննարկումները հատկապես ակտիվացան Արցախի կարգավիճակի նշաձողի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից հետո։ Նա, խորհրդարանում ասել էր, որ միջազգային հանրությունը հայկական կողմից Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու ակնկալիք ունի:
Ընդդիմադիր ուժերը նախորդ շաբաթ բոյկոտել էին ԱԺ նիստերն ու կառավարության հետ հարցուպատասխանը և հայտարարել, որ մեկնում են Արցախ։ Ռուս խաղաղապահները, սակայն, պատգամավորներին թույլ չէին տվել մտնել Արցախ։