Այսօր Հայ կինոյի օրն է

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, արխիվ

Այսօր Հայ կինոյի օրվա կապակցությամբ Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը ասուլիս էր հրավիրել Կինոյի տան «Ազգային Սինեմատեք» ժամանակակից կինոթանգարանում՝ ներկայացնելու միության նախագահ վերընտրվելուց հետո Կինոմիությունում և մասնավորապես Կինոյի տանը վերջին 5 ամիսների կատարած աշխատանքները։ Նախ, սակայն, Հարություն Խաչատրյանը հիշեցրեց, որ ապրիլի 16-ը հայ կինոգործիչների միության ջանքերով հռչակվել է Հայ կինոյի օր, և միության գործունեությունը նպատակաուղղված է հայ կինոն հանրահռչակելու, տարածելու, հայ կինոգործիչներին հնարավորինս աջակցելու։ Եվ հենց այդ նպատակին էլ ծառայել է այս վերջին ամիսներին իրենց գործունեությունը, որը տպավորիչ է։

Մասնավորապես, ոչ միայն վերանորոգվել են Կինոյի տան բոլոր դահլիճներն ու սրահները, այլև վերազինվել տեխնիկապես լավագույն սարքավորումներով։ Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ իրենց տարիների երազանքն է եղել իրենց բոլոր դահլիճները տեխնիկապես հագեցնել և ծառայեցնել հայ կինոյին՝ կազմակերպելով կինոփառատոներ, կինոպրեմիերաներ, կինոդիտումներ, հանդիպումներ, դասախոսություններ և այլն։ Ի դեպ, այս ամենն արվել է ոչ պետական միջոցներով:

«Տարբեր միջազգային ֆոնդերից ֆինանսավորում, այս անգամ մեզ շատ օգնեց «Ոսկեր ծիրան» ֆոնդը, որը տրամադրել էր դրամական լուրջ ֆինանսավորում տեխնիկայի համար…պետական աջակցություն դեռևս չունենք: Մի քանի անգամ փորձեցինք, բայց ելնելով ֆինանսասոցիալական պայմաններից` չեն կարողանում օգնել, բայց խոսք տալիս են», - ասաց նա:

Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը հավելեց, որ իրենք հայթայթել են 200-ից ավելի ժապավենային ֆիլմեր, որոնք կներկայացվեն հետագայում միության սրահներում, իսկ այս պահին դրանք ուսումնասիրվում են և տեսակավորվում։ Այդ ֆիլմերի պահպանման համար նորոգվում է համապատասխան ֆոնդային հատված։ Շուտով նաև կսկսեն իրականացնել մի շարք կրթամշակութային ծրագրեր, որոնց զուգահեռ կմեկնարկեն տարբեր այլ կինոծրագրեր, կինոփառատոններ և կինոցուցադրություններ։

Այս տարի հուլիսին կայանալիք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը և ցուցադրությունների մեծ մասը կկայանա արդեն Կինոյի տան հիմնանորգված և տեխնիկապես լավագույնս հագեցած մեծ դահլիճում և սրահներում։ Հարություն Խաչատրյանի խոսքով` այս ամենն արվում է հայկական կինոյի զարգացման ու պահպանման համար։ Հայ կինոյի օրվա առթիվ Կինոգործիչների միության նախագահի ուղերձը հետևյալն է. «Ազգային կինոն միայն վայելելու, նայելու և ժամանցի համար չէ, հայկական կինոն լուրջ գործիք է, զենք է ազգի համար, որպեսզի կարողանան պատմել իրենց պատմությունը` անցյալ, ներկա և ապագա: Հայկական կինոն լուրջ քաղաքականություն կարող է տալ և պատմել մեր մեծ պրոբլեմների մասին: Հայկական համր կինոն աշխարհի լավագույններից մեկն է, որը պետք է վերականգնել», - ասաց նա` հավելելով, որ այդ ժառանգությունը պետք է վերականգնել:

Նրա խոսքով` հայ ժողովրդին միշտ հատուկ է եղել մշակութային ժառանգությունը, պետք է տեղ տալ երիտասարդների աշխատանքներին:

«Հայկական կինոյի դիմագիծը` այսքան քիչ ներդրում անելով հայկական կինոյի մեծ` այսքան մեծ արդյունք ստանալն անսպասելի է, որովհետև երիտասարդները հատկապես և կարճամետրաժ ֆիլմերը բավականին հաջողված են և հենց հիմա մասնակցում են տարբեր մրցույթների, բայց պրոպագանդան է, կարծես, քիչ: Այսօր օրինակ` ունենք մենք տարբեր մրցույթներում հայկական ֆիլմեր, որոնք ցուցադրվում են: Երեկ տեղի ունեցավ ակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությունը, և փառք Աստծո, տեսանք, որ բավականին լավ ֆիլմեր կան, ոչ միայն հայկական, այլև համատեղ բավականին ֆիլմեր, որոնք սովորել են արդեն օգտվել միջազգային ֆինանսներից և համատեղ ֆիլմեր են անում, որոնք բավականին լուրջ տարածում են գտնում աշխարհում մեկ:

Բավականին ֆիլմեր հաղթեցին տարբեր կատեգորիաներում, բայց լավագույն ֆիլմ ճանաչվեց Նոր Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հարություն Խաչատրյանը: