Վատիկանը Ուկրաինայի ճնշման ներքո փոխել է Սուրբ Հարության տոնին ընդառաջ՝ Ավագ Ուրբաթ մատուցվող պատարագի նախապես հաստատված կարգը, հաղորդում է Reuters գործակալությունը։ Վատիկանում Ուկրաինայի դեսպանի, ինչպես նաև Ուկրաինայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ արքեպիսկոպոս Սվյատոսլավ Շևչուկի վրդովմունքի պատճառը պատարագին հետևած խաչակրաց երթին ռուսաստանցի և ուկրաինացի կանանց մասնակցությունն էր։
Վատիկանում հաստատված սցենարի համաձայն` Քրիստոսի թաղման կարգ կոչվող արարողության ընթացքում Փրկչի խաչելությունը խորհրդանշող մեծ փայտյա խաչը կրում էին Հռոմում ավելի քան 20 տարի բնակվող ռուս և ուկրաինացի երկու կանայք։ Նրանք նաև համատեղ ուղերձի մի տեքստ էին պատրաստել, որում խոսում էին համամարդկային արժեքների կորստի և հաշտության անխուսափելիության մասին։
Ուկրաինական կողմի ճնշման ներքո, սակայն, կանանց 200 բառից բաղկացած ուղերձը կրճատվել էր, և դրանում մնացել էր ընդամենը երկու նախադասություն։
«Ուղերձի նախնական տեքստը անպատեհ էր և անգամ վիրավորական։ Այն հաշվի չէր առնում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի կոնտեքստը», - հայտարարել է ուկրաինացի կաթոլիկների առաջնորդը։