Վլադիմիր Զելենսկի. «Ուկրաինան կորցրել է 2.5-3 հազար զինծառայող»

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Կիև, 15 ապրիլի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN ամերիկյան հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում Ուկրաինան կորցրել է 2.5-ից 3 հազար զինծառայող, վիրավորների թիվը մոտ 10 հազար է:

«Առայժմ դժվար է ասել, թե վիրավորներից քանիսը ողջ կմնա»,- ասել է Վլադիմիր Զելենսկին հարցազրույցում, որից մեկ հատված CNN-ը հեռարձակել է ապրիլի 15-ին:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ մարտի 25-ին է զեկուցել կորուստների մասին, հաղորդելով, որ Ուկրաինայում «հատուկ օպերացիայի» ընթացքում զոհվել է 1351 և վիրավորվել է 3825 զինծառայող: Մոսկվան պնդում է, որ ուկրաինական կողմի կորուստներն «անհամեմատ ավելի շատ են»:

Ուկրաինան, իր հերթին, պնդում է, որ ռուսները մոտ 19900 զինծառայողներ են կորցրել:

Անկախ վերլուծաբանների փոխանցմամբ, ընթացող պատերազմի պայմաններում կորուստների մասին երկու կողմերի հայտնած տվյալները չեն կարող ստուգվել և արժանահավատ համարվել: