Դանակահարված վանաձորցի երեք անչափահաս տղաների կյանքին այլևս վտանգ չի սպառնում, արդեն ապաքինվում են։
Նրանք օրերս էին գլխի և կրծքավանդակի շրջանում ծանր, թափանցող վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել։ Երկուսի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր էին համարել, մեկինը՝ ծանր։
Վանաձորի բժշկական կենտրոնում վիրահատվելուց հետո փոխտնօրեն Տիգրան Հազրոյանն ասաց՝ տղաների վիճակը գնալով կայունանում է։
Քննչական կոմիտեի տվյալներով, նույն տարիքի ավելի քան 20 պատանիներ սոցցանցերում, ըստ իրենց, անպատիվ դիմելաձևի պատճառով հաշիվներ պարզելու համար վիճաբանել են, այնուհետև դանակով ու մետաղյա ձողերով իրար հարվածել. - «Դրդապատճառը եղեկ է Ինստագրամով անչափահասները զրուցելիս միմյանց դիմել են «արա»-ով, որը փաստորեն վերածվել է հետագայում, որ երկու կողմերից հավաքվել են թվով 23-ից ավելի անչափահասներ, որոնց տարիքը 14-16 է եղել, ամենամեծը եղել է 17 տարեկան»։
Կռվի մասնակից երկու պատանու նկատմամբ իրավապահները որպես խափանման միջոց ընտրել են խիստ հսկողությունը, ծնողներին պարտավորեցրել հսկել անչափահասների յուրաքանչյուր քայլը։
Մեկ ամիս առաջ ոստիկանությունը Վանաձորում անչափահասների մասնակցությամբ տեղի ունեցած մեկ այլ հանցագործության մասին էլ էր հայտնել։
«Վանաձորի սուպերմարկետներից մեկի 30-ամյա մենեջերը փերվարի 13-ին բռնել էր խանութից քաղցրավենիք գողացած անչափահաս աղջիկների, բռնություն գործադրելով տարել սուպերմարկետի պահեստ և ապօրինի զրկելով ազատությունից՝ նրանց կամքին հակառակ պահել էր այնտեղ։ Տղամարդը զանգել ու կանչել էր անչափահասների մայրերին։ Նրանցից պահանջել էր 1000 ԱՄՆ դոլար՝ ոստիկանություն չհայտնելու և նրանց երեխաների մասին արատավորող տեղեկություններ չտարածելու համար», - հայտնել էր ոստիկանությունը։
Ըստ հաղորդագրության, կանայք հայտնել էին, որ սոցիալական ծանր վիճակում են, ապա համաձայնության էին եկել, որ յուրաքանչյուրը մենեջերին ամսական մաս-մաս 100 000 դրամ կվճարի: Ոստիկաններն օպերատիվ գործողություններով գումարը տալու պահին բերման էին ենթարկել սուպերմարկետի տնօրենին և նրա հորը, ապա՝ մենեջերին. - «Նախնական քննությամբ պարզվել է, որ մարտի 3-ին մյուս անչափահասի մայրը սուպերմարկետի պահեստում մենեջերի պահանջով 15 հազար դրամ էր տվել և պայմանավորվել, որ հաջորդ ամիս նպաստը ստանալուց հետո կրկին փող կտա»։
Վանաձորի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանն ասում է՝ վերջերս իրավապահներից միջնորդագրեր են ստացել, թե անչափահասների շրջանում իրավախախտումների թիվը մտահոգիչ է, և որ պետք է ակտիվացնել դրանք կանխելուն ուղղված գործողությունները։
Այնինչ արդեն 30 տարի երեխաների իրավունքների պաշտպանության կառույցներում աշխատող Գևորգյանն ասում է՝ իրենց անելիքներն այս ոլորտում սահմանափակված են օրենսդրական ու համակարգային բացերի պատճառով։ Անգամ տարիներ շարունակ իրենց հսկողության տակ գտնված երեխաներից ոմանք դեռ փողոցում են, դեռ իրենց տեղն ու անելիքը չեն գտել կյանքում և համալրում են հանցագործների թիվը։
Տարիներ առաջ պետությունը փակեց մանկատները, գիշերօթիկները, հատուկ դպրոցներն ու խնամքի հաստատությունները, բայց դրանց տեղն այդպես էլ բաց մնաց՝ երեխաների և ընտանիքների ցերեկային աջակցության կենտրոնները չեն կարող նախկինում եղած ամբողջ բեռը վերցնել իրենց ուսերին։
«Էդ դեպքում արդեն երեխան գնում ա փողոց, որովհետև էն պատճառները, ինչի պատճառով երեխան հատուկ հաստատությունում էր, կամ ինչի պատճառով երեխան էդպիսի վարքագիծ էր դրսևորում, չենք կարողանում վերացնենք։ Կարող ա ասեն՝ տեսեք, համակարգի մասնագետները չեն աշխատել, կարող ա քննադատության էլ արժանանք, բայց սա էնքան արդեն ցավոտ խնդիրներ են, որ սրանք արդեն պիտի այլ դաշտում քննարկվեն, այլ դաշտում ուսումնասիրվեն, հապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարվեն», - ասաց Գևորգյանը։
Հայաստանում, ըստ վիճակագրության, տարեկան միջին հաշվով մոտ 400 հանցագործություն է տեղի ունենում անչափահասների մասնակցությամբ։ Մարզպետարանի պաշտոնյան շեշտում է՝ վերջին շրջանում նկատում են նաև կրկնահանցագործությունների թվի աճ։