Կառավարությունն այսօր ավելի քան 750 միլիոն դրամ դրամաշնորհ հատկացրեց «Ֆակտորի փրոդաքշնին»։ Այս ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի հունիսին, պետական պատվերներ սկսել է ստանալ թավշյա հեղափոխությունից հետո՝ գրեթե ամբողջությամբ մեկ անձից կատարվող գնումների եղանակով։
Այս անգամ կառավարությունը «Ֆակտորի փրոդաքշնին» պատվիրակեց Երևանում հաջորդ ամիս կայանալիք բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության կազմակերպումը։
Ինչո՞ւ կառավարությունը որոշեց առանց մրցույթի ավելի քան 1.5 միլիոն դոլարը ուղղակի դրամաշնորհի տեսքով հատկացնել «Ֆակտորի փրոդաքշնին»։ Գործադիրի որոշման մեջ կարդում ենք. «Առաջնության նախապատրաստման և անցկացման համար մնացած սեղմ ժամանակահատվածում միջոցառումը ժամանակին կազմակերպելու և չձախողելու համար, նաև հիմք ընդունելով միջոցառման վրա տարվող աշխատանքների ծավալը՝ անհրաժեշտություն է առաջացել գումարը տրամադրել ուղիղ դրամաշնորհի տեսքով, որը հնարավորություն կտա ժամանակին կազմակերպել և իրականացնել միջոցառումը»։
«Ֆակտորի փրոդաքշնին» խոշոր դրամաշնորհ հատկացնելու նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացնում էր կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։ Նրա տեղակալը դեռ անցած տարվա հոկտեմբերին էր տեղեկացրել, թե բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Երևանում։
Այս մասին պաշտոնական հաղորդագրության կա հենց նախարարության կայքէջում։
Վարչապետը չհետաքրքվեց, թե «Ֆակտորի փրոդաքշնը» ինչպե՞ս է առանց բաց մրցույթի շահում պետպատվերները
Վարչապետն այսօր չհարցրեց՝ եթե առնվազն կես տարի առաջ հայտնի էր, որ Երևանում այս մայիսին անցկացվելու է բռնցքամարտի միջազգային առաջնություն, ինչո՞ւ կազմակերպչական աշխատանքները ձգձգվեցին և ժամանակ չմնաց մրցույթային եղանակով բաշխելու 750 միլիոն դրամ հանրային միջոցները։
«Ճիշտ է գնման ընթացակարգերը տեղի են ունեցել մեկ անձից գնման եղանակով, բայց ես տեղյակ եմ, որ իրականցվել է գնային հարցում վեց ընկերությունների, որոնցից երեքը դիմել են իրենց առաջարկներով, և հանձնաժողովի քննարկման արդյունքում ընտրվել է իրականացնողը», - նշեց վարչապետը:
Գործադիրի այսօրվա նիստից հետո նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց, թե առաջնությունը Երևանում անցկացնելու «վերջնական հաստատումը» կայացվել է դեռ անցած տարվա նոյեմբերին։
«Առաջին գումարը հատկացվել է փետրվարի 17-ին, մայիսին բուն մրցույթի start-ն է, այդ ժամանակը, որ ասում եք՝ նոյեմբերից մինչև մայիս, շատ փոքր ժամանակ է: Մայիսը սկիզբն է, մենք չենք կարող մայիսի 1-ին կամ ապրիլի վերջին նոր սկսել գործընթացները մրցույթի: Այստեղ լուրջ վտանգ կար, որ մենք կարող է չհասցնենք», - ընդգծեց նախարարը:
Ովքե՞ր են կանգնած «Ֆակտորի փրոդաքշնի» հետևում
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի համաձայն, «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրել են Հանրային հեռուստաընկերության նախկին գլխավոր ու գործադիր պրոդյուսերներ Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը՝ 2017-ի հունիսին։ Յուրաքանչյուրին պատկանում էր ընկերության 50 տոկոսը։ Հիմնադրումից մինչև անցած տարվա նոյեմբերի վերջ ընկերության տնօրենն էր Վազգեն Պողոսյանը։ Նա նոյեմբերին ընդամենը 25 հազար դրամով վաճառել է իր 50 տոկոս բաժնեմասը Ռուդիկ Տեր-Գալստյանին, ով էլ այժմ իրեն փոխարինում է տնօրենի պաշտոնում։
Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Արմեն Սարգսյանի անցած տարվա դեկտեմբերի 2-ի հրամանագրով Վազգեն Պողոսյանը նշանակվել էր նախագահի օգնական: Սակայն Պողոսյանի պաշտոնավարումը կարճ տևեց, և ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանի այս մարտի 15-ի հրամանագրով Վազգեն Պողոսյանը ազատվեց պաշտոնից։
Ֆինանսների նախարարության՝ պետգնումների վերաբերյալ տվյալներ պարունակող Armeps.am-ի կայքէջի համաձայն, «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը առաջին պետական պատվերը ստացել է Արտգործնախարարությունից 2018 թվականի սեպտեմբերին։ Ներկայացուցչական ծախսերի համար գերատեսչությունը ՍՊԸ-ին վճարել է ավելի քան 27 միլիոն դրամ, որի դիմաց, ըստ պայմանագրի, «Ֆակտորի փրոդաքշնը» «ստանձնել է վրանների, սեղանների և աթոռների բեռնափոխադրման, տեղադրման և ապամոնտաժման աշխատանքների կատարման պարտավորությունը»։
Այնուհետև, վարչապետի աշխատակազմից, ԱԳՆ-ից, Էկոնոմիկայի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, անգամ Արարատի մարզպետարանից ընկերությունը ստացել է պետական պատվերներ՝ 12 հատ, ավելի քան 415 միլիոն դրամ կամ գրեթե 900 հազար դոլար ընդհանուր գումարով։ Ընդ որում, այդ պատվերներից 11-ը իրականացվել է մեկ անձից կատարվող գնումների եղանակով, իսկ մնացած մեկ պատվերը ընկերությունը, դարձյալ, ստացել է ոչ թե բաց մրցույթի, այլ գնանշման հարցման արդյունքում։
Ո՞րն է ընկերության բիզնես հաջողության գաղտնիքը, որ պետական ամենատարբեր կառույցներ առանց բաց մրցույթի ընկերությանը իջեցրել են արդեն մոտ 2.4 միլիոն դոլարի պատվերներ. փորձեցինք հասկանալ՝ կապվելով «Ֆակտորի փրոդաքշնի» հետ։ Խոստացան ավելի ուշ արձագանքել։
Գործ ունենք կոռուպցիոն ռիսկի հետ. Հոկտանյան
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ գործ ունենք կոռուպցիոն ռիսկի հետ։
«Փնտրեք իրական սեփականատիրոջը, այդ դեպքում կգտնեք պատասխանը, որովհետև իսկապես եթե այդ վիճակագրությունը, որ նշեցիք, ճիշտ վիճակագրություն է, կան շատ լուրջ կասկածներ, որ այդ ընկերության մեջքին կարող են կանգնած լինել ներկա իշխանությունների բարձրաստիճան պաշտոնատար անձինք», - ասաց Հոկտանյանը:
Ինչ վերաբերում է մոտ մեկ ամսից Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը, կառավարության այսօրվա նիստին հայտարարեցին, որ 40 երկրներից մասնակցելու են ավելի քան 200 մարզիկներ։