Ապրիլի 24-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ սոցիոլոգներն արձանագրում են՝ գործող նախագահ Էմանյուել Մակրոնի հաղթանակի հավանականությունն անհամեմատ մեծ է։
Le Monde պարբերականի պատվերով IPSOS սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հետազոտության համաձայն՝ երկրորդ փուլում Մակրոնի օգտին պատրաստ է քվեարկել ֆրանսիացի ընտրողների 54, իսկ նրա մրցակցի՝ ազգայնական Մարին Լը Պենի օգտին՝ 46 տոկոսը։
Ifop սոցիալոգիական ծառայության` Paris Match հանդեսի և LCI հեռուստաընկերության պատվերով անցկացրած հարցման համաձայն էլ՝ եթե ընտրությունների երկրորդ փուլը կայանար առաջիկա կիրակի, ապա Մակրոնի օգտին կքվեարկեր ընտրողների 52․5, Լը Պենի օգտին՝ ավելի քան 47 տոկոսը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը՝ մասնակիցների 2017-ի կազմովԵրկրորդ փուլ անցած թեկնածուները նախօրեին շարունակում էին ընտրարշավը։ Լը Պենը Ֆրանսիայի հարավում էր՝ Ավինյոն քաղաքում, իսկ Մակրոնը հանդիպում էր Լա Մանշի ափին գտնվող Հավր քաղաքի ընտրողների հետ։
Երկրորդ փուլից առաջ թեկնածուները ներֆրանսիական խնդիրներից բացի ստիպված են անդրադառնալ նաև միջազգային գլխավոր իրադարձությանը՝ ռուս - ուկրաինական պատերազմին։ Այս շաբաթ քննարկման գլխավոր թեմաներից մեկը ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հայտարարությունն էր, որում նա Ուկրաինայում ռուսական գործողությունները ցեղասպանություն էր որակել։
«Ցեղասպանությունը բառը հստակ իմաստ ունի։ Ցեղասպանության ձևակերպումը պետք է տան իրավաբանները, այլ ոչ թե քաղաքական գործիչները։ Հռետորաբանության նման էսկալացիան Ուկրաինայի համար օգտակար չի լինի, երբ հստակ չեն նշվի դրա բոլոր հետևանքները, իսկ բառերն ընդհանրապես կիմաստազրկվեն», - Հավր այցի ընթացքում հայտարարում էր Մակրոնը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը Ուկրաինայում ռուսների գործողությունների վերաբերյալ օգտագործում է «ցեղասպանություն» բառըԼը Պենը ևս դեմ է ուկրաինական ճգնաժամում հապշտապ քայլերի դիմելու քաղաքականությանը։ Նախագահի ազգայնական թեկնածուն օրերս Փարիզում ներկայացրեց իր ծրագրի արտաքին քաղաքական հատվածը՝ նշելով, որ դեմ է Ուկրաինային սպառազինության նոր մատակարարումներին, քանի որ դա հղի պատերազմի ծավալների ընդլայնմամբ։ Բացի այդ, ըստ Լը Պենի, իր հաղթանակի դեպքում Փարիզը կվերանայի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ լքելով դաշինքի միասնական հրամանատարությունը և մնալով կազմակերպության քաղաքական կառույցներում։
«Համաշխարհային ճգնաժամերի հանգուցալուծման գործում Ֆրանսիան կարող է օգտակար լինել միայն մի դեպքում՝ երբ անկախ է։ Դա այն է, ինչ ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ գլոբալիստները։ Դա է պատճառը, որ իմ հաղթանակի դեպքում Ֆրանսիան դուրս կգա ՆԱՏՕ-ի միասնական հրամանատարությունից։ Համաշխարհային տարբեր ուժերից հավասար հեռավորության պահպանումը, այլ ոչ թե գաղափարախոսության վրա հիմնված կարճատես դատողությունները՝ ահա այն, ինչ կարող է օգնել մեզ հասկանալ աշխարհում ընթացող պրոցեսները», - հայտարարում էր Մարին Լը Պենը։