Կիպրոսի իշխանությունները սկսել են ռուսաստանցի 4 միլիարդատերերին և նրանց ընտանիքների 17 անդամներին քաղաքացիությունից զրկելու իրավական գործընթացը: Դրա պատճառը միլիարդատերերի նկատմամբ Եվրամիության կողմից պատժամիջոցների սահմանումն է:
Ըստ O Phileleftheros (Ազատական) օրաթերթի, քաղաքացիությունից պետք է զրկվեն Միխայիլ Գուցերիևը, Ալեքսանդր Պոնոմարենկոն, Վադիմ Մոշկովիչը և Ալեքսեյ Կուզմիչյովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիպրոսը քաղաքացիությունից զրկում է ռուսաստանցի 4 միլիարդատերերի՝ ընտանիքների հետForbes հանդեսի համաձայն, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից առաջ այդ չորսի կարողությունը կազմել է համապատասխանաբար 2.5, 2.9, 2.4 և 7.8 միլիարդ դոլար: Ընդհանուր հաշվով նրանց կարողությունը գնահատվում է 15.6 միլիարդ դոլար:
Reuters լրատվական գործակալության տվյալներով, «ոսկե անձնագրերի» ծրագրով Կիպրոսի քաղաքացիություն է ստացել 6 հազար 779 օտարերկրացի, որոնցից 2 հազար 886-ը ռուսաստանցիներ են:
«Ոսկե ծրագիրը» ենթադրել է քաղաքացիության տրամադրում Կիպրոսում խոշոր ներդրումներ կատարելու դիմաց: «Ոսկե անձնագրերի» ծրագիրը հետագայում չեղարկվել է այն բանից հետո, երբ հրապարակվել են փաստեր կեղծ փաստաթղթերով բազմաթիվ անձնագրեր թողարկելու մասին:
Հիմա Կիպրոսի իշխանությունները ստուգում են քաղաքացիություն ստացած ևս 1100 մարդկանց փաստաթղթերը:
Ավելի վաղ Եվրոպական միությունն է դիմել եվրոպական համայնքին՝ ռուսաստանցի մեծահարուստներին քաղաքացիությունից զրկելու կոչով: