Համերաշխության այցով նախօրեին Կիև մեկնած Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի նախագահներն ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ընթացքում կոչ են արել ավելացնել օգնությունը Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինային:
Նախքան Զելենսկուն հանդիպելը չորս նախագահներն այցելել են Կիևի մարզի այն շրջանը, որտեղ արձանագրվել են ռուսական բանակին վերագրվող պատերազմական հանցագործությունների փաստերը: Մոսկվան կտրականապես հերքում է պատերազմի հանցագործությունների հետ առնչությունը:
«Սա պատերազմ չէ, սա ահաբեկչություն է: Եթե մեկը զինվորներ է ուղարկում բնակելի թաղամասեր ռմբահարելու, քաղաքացիական անձանց սպանելու համար՝ դա պատերազմ չէ, դա արդեն ավազակություն է և ահաբեկչություն»,- ասել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:
Լեհաստանի և Բալթյան երեք հանրապետությունների նախագահները հայտարարել են, որ Ռուսաստանը պետք է դատական պատասխանատվության ենթարկվի պատերազմի հանցագործությունների համար:
«Նախագահ Վլադիմիր Պուտինին պետք է պարտության մատնել այս պատերազմում, այլապես Եվրոպայում խաղաղություն չի լինի»,- ասել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը:
Դուդայից և Կարիսից զատ Ուկրաինա են մեկնել Լիտվայի և Լատվիայի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Էգիլս Լևիտսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնբասում և Խերսոնի մարզում ակտիվ մարտեր են