Նյու Յորքի մետրոյի գնացքում կրակոցներ արձակած անձը դեռևս չի հայտնաբերվել

Նյու Յորքի ոստիկանությունը շարունակում է որոնել մետրոպոլիտենի Բրուքլինի շրջանում՝ «36-րդ փողոց» կայարանում, երեկ առավոտյան կրակոցներ արձակած անձնավորությանը։

Վարկածներից մեկով հանցագործությունը կարող է կապ ունենալ փոքր բեռնատար մեքենայի վարձակալության հետ։ Անցած գիշերը մեքենան հայտնաբերվել ու տեղափոխվել է զննության համար։ Այն վարձակալել էր 62-ամյա Ֆրենկ Ջեյմսը։ Իրավապահները սոցցանցերում ուսումնասիրել են նրա տեսանյութերը, որտեղ նա ԱՄՆ-ն համարել է բռնություններով լի ռասիստական վայր։ Միաժամանակ, ոստիկանությունը նշում է, թե համոզված չեն, որ նա է կրակոցներ արձակած անձը։

Երեքշաբթի առավոտյան պիկ ժամին հակագազով տղամարդը ծխային նռնակներ և կրակոցներ է արձակել մետրոյի գնացքի ներսում, որի հետևանքով առնվազն 10 մարդ է վիրավորվել, ավելի քան մեկ տասնյակը ծխի պատճառով շնչառական խնդիրներ է ունեցել կամ ոչ հրազենային վնասվածքներ ստացել։ Կրակոցներից վիրավորների 5-ի վիճակը ծանր է գնահատվում։

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլն այցելել է հիվանդանոց։ Լրագրողների հետ զրույցում հարձակումը նա բնորոշել է որպես «նյույորքցիների սրտում վախ մտցնելու ահաբեկչական գործողություն»՝ միաժամանակ նշելով, որ դա իր սրտի խոսքն է, հետաքննությունը կորոշի, թե արդյոք միջադեպը համապատասխանում է ահաբեկչության իրավական ձևակերպմանը։