Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայում ռուս զինվորականների գործողությունների կապակցությամբ առաջին անգամ օգտագործել է «ցեղասպանություն» բառը։
Մինչ այժմ Բայդենն օգտագործում էր «ռազմական հանցագործություններ» եզրույթը, երեկ, սակայն, նա երկու անգամ ասել է «ցեղասպանություն»։ Երբ լրագրողները հարցրել են այս արտահայտության մասին, ԱՄՆ նախագահն ասել է. - «Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ գնալով ավելի պարզ է դառնում, որ Պուտինը փորձում է երկրի երեսից ջնջել ուկրաինացի լինելու գաղափարը»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ում արձագանքել է Բայդենի խոսքերին՝ գրելով. - «Չարին դիմակայելու հարցում իրերն իրենց անուններով կոչելը շատ կարևոր է»: «Մենք երախտապարտ ենք ԱՄՆ-ի կողմից մինչ այժմ ցուցաբերված օգնության համար, և մեզ շտապ անհրաժեշտ է ավելի շատ ծանր սպառազինություն՝ կանխելու ռուսական հետագա վայրագությունները», - հավելել է Զելենսկին: