Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր Տելեգրամ-ալիքում տեղադրել է պետական դավաճանության համար մեղադրվող Վիկտոր Մեդվեդչուկի լուսանկարը:
Զելենսկու փոխանցմամբ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն է անցկացրել Մեդվեդչուկին գտնելու և ձերբակալելու համար:
«Հատուկ գործողություն էր: Ապրե՛ն: Մանրամասներն՝ ավելի ուշ», - գրել է նախագահը:
Մեդվեդչուկը, որին անվանում են «Պուտինի քավորը», տնային կալանքի տակ էր և Ուկրաինա ռուսների ներխուժման առաջին օրը՝ փետրվարի 24-ին, փախուստի էր դիմել:
Ուկրաինայում նա մեղադրվում է մի շարք հոդվածներով, 2021 թվականի հոկտեմբերին կոռուպցիային գումարվել է նաև պետական դավաճանության մեղադրանքը:
Նախկինում Մեդվեդչուկը ղեկավարել է Գերագույն Ռադայում «Հանուն կյանքի» ամենախոշոր ընդդիմադիր կառույցը:
Այն, ըստ դրա քաղաքական ընդդիմախոսների, 2014 թվականին ռուսների կողմից Ղրիմը բռնազավթելուց հետո դրսևորել է բացահայտ ռուսամետ դիրքորոշում և սատարում է Դոնբասի ռուս անջատականներին:
Կիևում պնդում են նաև, թե Մեդվեդչուկը սերտ բարեկամական կապեր ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: