Կառավարությունը շահագրգռված է Հայաստանում ավելացնել ռուսալեզու ուսուցմամբ դասարանների քանակը, «Ազատության» հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարաությունը։
«Այո, մենք շահագրգռված ենք, որպեսզի կարողանանք մատուցել ռուսալեզու կրթության, այդ թվում ավագ դասարաններում», - ասաց Դումանյանը։
Սերգեյ Լավրովն օրեր առաջ Մոսկվայում արտգործնախարար Արարատ Միզրոյանի հետ հանդիպման ժամանակ խոսել էր Հայաստանում ռուսական դպրոցների ավելացմանն օժանդակելու մասին։ Շեշտել էր, որ դա Երևանի ցանկությունն է. - «Ի պատասխան Երևանի ցանկության, Ռուսաստանն օգնում է ավելացնել ռուսական դպրոցների քանակը։ Շահագրգռված ենք, որ ռուսաց լեզուն շարունակական աջակցություն ստանա բարեկամ կառավարության կողմից»։
Հայաստանում ռուսերենի ուսուցմամբ դասարաններ կան 45 դպրոցներում։ Այս դասարաններում կարող են սովորել ազգային փոքրամասնությունները կամ օտարերկրյա քաղաքացիություն ունեցողների երեխաները։ Ըստ կրթության նախարարի՝ այս դասարանների պահանջարկը մեծանում է։
Իսկ քանի աշակերտ է դիմել ռուսալեզու կրթություն ստանալու համար։ «Դուք արդեն մտնում եք կոնկրետիկայի մեջ, ինչը այսօր հստակ չկա։ Կա ցանկություն ըստ պահանջի, մենք ասում ենք հետագայի համար՝ ըստ պահանջարկի»։
Նախարարը միայն հստակ գիտի, որ ցանկություն կա եւ դա իրականացնելու համար աջակցության կարիք. - «Այդ կարիքը այն է, որ մենք ենթադրում ենք, որ մեզ պետք է աջակցեն մեր չափորոշիչներով ռուսալեզու դասագրքերի ստեղծմանը, տպագրմանը, ուսուցիչների վերապատրաստմանը և նմանատիպ այլ գործառույթների իրոք աջակցության կարիք ունենք»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոտ մեկ տասնյակ ռուսաստանյան ընկերություններ արդեն տեղափոխվել են. նախարար ՔերոբյանՀայաստան ռուսաստանցիների հոսքն ակտիվացել է ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Ըստ ԿԳՄՍ նախարարության, մարտի 1-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սովորողների թիվն ավելացել է 75-ով։
Դումանյանի ղեկավարած նախարարությունից միաժամանակ հայտնել են, որ եղած դասարանները բավարար են ուսուցումն ապահովելու համար։
Երեւանի ցանկությունը Ռուսաստանի ցանկությունն է, կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Ըստ նրա, ռուսալեզու դասարաններն ավելացնելու նախաձեռնությունը քաղաքական պարտադրանք է. - «Հիմա գալիս են և Ուկրաինայից, բայց հատկապես Ռուսաստանից մեծ թվով քաղաքացիներ։ Սա շատ պատեհ առիթ է Ռուսաստանի այսպես կոչված քաղաքական պատվերը ներկայացնել որպես ներսում առաջացած իրավիճակ, որի թելադրանքով երկրում պետք է որոշ նախապատրաստություն տարվի»։
Այդ ե՞րբ բորբոքվեց հայկական կողմի ցանկությունը, հարցնում է Խառատյանը։ Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկածներն ի՞նչ ծրագրեր ունեն, ի՞նչ ժամկետով են այստեղ, որ ռուսական դպրոցների կամ դասարանների անհրաժեշտության հարց ծագի։
Ըստ ազգագրագետի՝ դժվար թե Ռուսաստանը հենց այս հարցերը նկատի ունենալով հարցը օրակարգ բերի. - «Լավրովը հազիվ թե այդ միգրանտներին է նկատի ունեցել։ Ռուսաստանը Հայաստանի անկախացումից ի վեր, հատկապես վերջին քսան տարիներին միշտ զանազան փորձեր արել է Հայաստանում ռուսերենի համար հատուկ պայմաններ... հենց հատուկ պայմանների մասին է խնդիրը, երբեմն պետական լեզու ճանաչվի, երբեմն հատուկ լեզու ճանաչվի, լինի կրթության կարևոր լեզուներից մեկը»։
Ռուսաստանի արտգործնախարարը խոսել էր նաև միասնական կրթական, լեզվական, գիտական տարածքի ստեղծման մասին: Իսկ սա ի՞նչ է նշանակում։
«Ես կարծում եմ, Սերգեյ Լավրովը ինքը շատ լավ կբացատրի ինչ ի նկատի ունի։ Մենք ունենք մեր «Լեզվի մասին» օրենքը, մեր բուհերում կրթությունը գնում է մեր օրենքներին համապատասխան», - արձագանքեց Դումանյանը։
Նախարարը ենթադրեց, որ թերևս միջբուհական ծրագրերի մասին է խոսքը։
Ռուասաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը յոթ ամիս առաջ էլ դարձյալ անդրադարձել էր Հայաստանում ռուսաց լեզվի նշանակությանը։ Հայտարարել էր, թե Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերում ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդման նախաձեռնության նկատմամբ։