Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2021-ին աճել է գրեթե 13 տոկոսով և հասել 2,6 մլրդ ԱՄՆ դոլարի, մինչդեռ միայն 2022-ի հունվարին փոխադարձ առևտուրը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 50 տոկոսով, հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը՝ Մոսկվայում երեկ ընդունելով Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստան են տեղափոխվում ոչ միայն Ռուսաստանում, այլև Ուկրաինայում ու Բելառուսում գործող որոշ ընկերություններ«Մենք չենք ցանկանում կանգ առնել ներկա ձեռքբերումների վրա և շահագրգռված ենք փնտրել համատեղ նոր նախագծեր և զարգացնել ներդրումային ներուժը», - ըստ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, ասել է Վոլվաչը:
Նա նշել է, որ Հայաստանում գործում են ավելի քան 40 ռուսական խոշոր ընկերություններ։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության իրական հատվածում ներդրել է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար։
Ինչպես Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն է տեղեկացնում, առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար ռուսական կողմը արդյունավետ լուծումներ է առաջարկել տրանսպորտի, էներգետիկայի, սոցիալական ենթակառուցվածքների զարգացման, Հայաստանում հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել միջտարածաշրջանային համագործակցությանը, քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Այս պահի դրությամբ ուշադրության կենտրոնում է ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական իրավիճակն ու կայուն զարգացումը։