Բանկը իր քաղաքականությունն ա վարում, պետությունը՝ իր, ու դրանք չեն համընկնում. սառնաղբյուրցի ֆերմեր

Սառնաղբյուրցի Սևադա Ադամյանը մոտ երկու տարի փորձել ու այդպես էլ չի կարողացել բանկերից ցածր տոկոսով գյուղատնտեսական վարկ վերցնել գործն ընդլայնելու համար։ Բանկերից մեկը պատճառաբանել է, թե գյուղում ունեցած գույքը, անգամ անասնագոմը, արժեք չունեն գրավադրելու համար, մյուսները՝ թե ընտանիքի անդամը տարիներ առաջ անբարեխիղճ երաշխավոր է եղել բանկերից մեկում։

«Դիմել եմ բանկ, ունեմ շատ լավ վարկային պատմություն, ունեմ գյուղատնտեսական կրթություն, բավականին հարմար տնտեսություն, որպեսզի սկսվի, մեկ էլ ասում ա՝ մեր բանկային քաղաքականությանը, օրինակ, չեք համապատասխանում, քանի որ, ենթադրենք, ձեր տան իքս ընտանիքի անդամը տասը տարի առաջ եղել ա ոչ լավ երաշխավոր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ադամյանը։

Սևադան Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում երկու տարի առաջ է ոչխարաբուծություն ու հողագործություն սկսել։ Ասում է՝ անցած տարվա գայլերի հարձակումը չլիներ, օգուտով դուրս կգար։ Բայց մոտ 5000 եվրոյի կորուստ է ունեցել։ Միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ մեծացրել է բիզնեսն ու փորձում է վնասները ետ բերել։

Վարկ վերցնելու անհաջող փորձերից հետո եզրակացրել է՝ պետության և բանկերի միջև անջրպետ կա. - «Բանկը իր քաղաքականությունն ա վարում, պետությունը իր քաղաքականությունն ա վարում, որոնք չեն համընկնում»։

Դեռ 2019 թվականին կառավարությունն իր ծրագրերում ամրագրել է, որ առևտրային բանկերում վարկերի տոկոսադրույքները բարձր են, և որ պետությունը պետք է հովանավորչական քաղաքականություն վարի՝ գյուղատնտեսությունը զարգացնելու համար։ Նույն այդ ծրագրերից մեկում գործադիրը նաև եզրակացրել է, որ պետք է վարկերի գումարներն ու դրանց տրամադրման ժամկետներն ավելացվեն, գյուղատնտեսների գիտելիքները՝ նույնպես։ Այդ նպատակով արդեն ավելի քան տասը տարի է պետությունը իր վրա է վերցնում գյուղատնտեսական վարկերի տոկոսների մի մասն այնպես, որ գյուղացին 5 տոկոսից ավելի չվճարի։

Օգտվողներ եղել են։ Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, միայն անցած տարի մոտ 30 հազար գյուղատնտես միջին հաշվով մոտ 2,5 միլիոն դրամի վարկ է վերցրել։ Բայց՝ ոչ բոլոր ցանկացողները․ շատերն այդպես էլ հնար չեն գտել՝ առաջադրված պահանջներին բավարարելու համար։

Սառնաղբյուրցի Սևադան, որ թողել է իր բոլոր նախկին գործերն ու որոշել գյուղատնտեսությամբ զբաղվել, ասում է՝ Երևանից հեռու եղած ոչ մի անշարժ ու շարժական գույք բանկերի ու վարկային կազմակերպությունների սրտով չեն։ Գրավ են ուզում ու եղածը կոպեկներ համարում. - «Ի՞նչ ա նշանակում գրավ, օրինակ, եթե գյուղացին, երիտասարդը արդեն իր ամբողջ կյանքը, ժամանակը, ռեսուրսը, աշխատուժը, ամեն ինչը արդեն իսկ գրավադրել ա»։

«Բանկերն ասում են՝ տնտեսություն չունեք, ռիսկային եք»

Լոռեցի Սարգիս Մարիկյանն անցած տարեվերջին վերջացրել է պետական աջակցությամբ անասնագոմի կառուցումն ու դիմել բանկերին՝ անասուն գնելու համար վարկի խնդրանքով։ Բայց բոլորն էլ մերժել են ցածր տոկոսով վարկ տալ, թե՝ տնտեսություն չունես, ռիսկային ես. - «Քանի անգամ նամակ եմ գրել և՛ վարչապետին, և՛ էկոնոմիկայի նախարարին, նույնիսկ սենց արտահայտություն եմ բան արել՝ բա վերջ ի վերջո հո սա հուշարձան չեմ սարքում, եթե սարքել եմ, չեմ կարում կով առնեմ։ Բանկերն ասում են՝ տնտեսություն չունեք, ռիսկային եք։ Բայց ա՛յ, ասում են՝ սպառողական վարկ կտանք»։

Ստիպված բարձր տոկոսներով վարկ է ստացել։ Եթե գործն իր ուզածով չգնա, կաթի գինը եղածից էլ նվազի, վարկի տակից չի կարող դուրս գալ. - «Աղացած գարին մի շաբաթվա ընթացքում 180 դրամից դարձավ 220 դրամ։ Բայց իմ կաթը ոնց 180 դրամ կար, էդքան էլ մնաց»։

Պետք է միանգամից պետությունը աշխատի հողօգտագործողի հետ. մարզպետարանի նախկին աշխատակից

Գյուղացուն ամենամոտ պետական կառույցը համայնքապետարանն ու մարզպետարանն են, բայց դրանք էլ ոչ մի գործառույթ չունեն բանկերից մերժված գյուղացիների գոնե հարցերին պատասխանելու համար, ասում է Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության վարչության նախկին աշխատակից Արշակ Բաղդասարյանը. - «Հիմա շահառուն էկել ա, դիմել ա մարզպետարան, մենք որևէ կերպ նրան չենք կարող օգնենք։ Ո'չ կարող ենք բանկի հետ համագործակցենք, որպեսզի տեսնենք իրան ինչի չի վարկը տրամադրվում։ Էս դեպքում մենք իրան ուղարկում ենք էկոնոմիկայի նախարարություն։ Նա կա'մ ճանապարհից հետ է դառնում, կա'մ ընդհանրապես չի հասնում էկոնոմիկայի նախարարություն, կա'մ հասնում է նախարարություն, նախարարությունը պարզաբանում տալիս է ու վերջ, արդեն նախարարությունն էլ չի իրավասու, որպեսզի կարողանա այդ շահառուին օգնություն ցուցաբերի տվյալ բանկից վարկ վերցնելու»։

Պետական կառույցում 5 տարի աշխատած գյուղատնտեսն ասում է՝ որոշողն ի վերջո բանկն է՝ կվարկավորվի՞ գյուղացու նախաձեռնություն, թե՞ ոչ. - «Եթե ուզում ենք Հայաստանի նման պայմաններում գյուղատնտեսությունը զարգացնենք, այսինքն՝ հիմնականում անմշակ հողերը մշակելի դարձնենք, մենք պետք է ոչ թե գյուղացուն ուղարկենք դեպի բանկերի դուռը։ Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ պետք է միանգամից պետությունը աշխատի հողօգտագործողի հետ»։

Օրերս «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի եթերում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել էր, որ ստիպված են բարձրացնել վարկերի համար սահմանված առավելագույն տոկոսադրույքները, քանի որ գյուղվարկերի տրամադրումը դժվարացել է, բանկերի համար դարձել ոչ ձեռնտու. - «Մենք հենց հիմա փոփոխություններ ենք կատարում համապատասխան ծրագրերում, որպեսզի գյուղվարկերը շարունակեն հասանելի դառնալ։ Այդտեղ իհարկե միգուցե էֆեկտիվ ֆինանսավորման տոկոսադրույքը մի քիչ կբարձրանա՝ կապված նրա հետ, որ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է, բայց այնուամենայնիվ, շատ ավելի էժան կլինեն այդ վարկերը, քան շուկայական վարկերը»։

Your browser doesn’t support HTML5

Գները շատ են աճել, դա մեզ անհանգստացնում է. Էկոնոմիկայի նախարար

Այսօր էկոնոմիկայի նախարարությունից չպատասխանեցին՝ բանկերի համար ավելի ձեռնտու պայմաններ ստեղծող կառավարության այս նախաձեռնությունն ինչ փոփոխությունների է հանգեցրել։ Բայց մի բան հստակ է՝ կառավարության 2019-ի կանխատեսումները, թե վարկերի սուբսիդավորմամբ Հայաստանում տարեկան մոտ 20 միլիարդ դրամով կավելանան ներդրումները գյուղատնտեսության ոլորտում, չեն իրականացել։

«Բոլոր հեքիաթներում գրած էր՝ մի քյասիբ գյուղացի, մի հարուստ առևտրական։ Ես ոչ մի անգամ հակառակ հեքիաթ չեմ կարդացել, որ գրած ըլի՝ մի հարուստ գյուղացի, մի քյասիբ առևտրական կամ մի քյասիբ քաղաքացի», - սրտնեղած ասում է Սերմնաբույծ» ՍՊԸ գործադիր տնօրեն ամո Մանուկյանը։