ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակը հայտնել է, որ ապրիլի 10-ի դրությամբ ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 4 և կես միլիոնը: Մեկ օրում այդ թիվն ավելացել է ավելի քան 62 հազարով:
Ուկրաինայի վրա փետրվարի 24-ին Ռուսաստանի նախաձեռնած ռազմական հարձակումից փախչող մարդիկ՝ հիմնականում կանայք, երեխաներ և տարեցներ, ապաստանում են հարևան պետություններում:
Լեհաստան է հասել մոտ 2 միլիոն 594 հազար մարդ, Ռումինիա՝ 686 հազար 232, Հունգարիա՝ ավելի քան 419 հազար, Մոլդովա՝ մոտ 411 հազար փախստական: Մոտ 270 հազար փախստականներ տեղավորվել են Սլովակիայում և մոտավորապես նույնքան՝ Չեխիայում:
Ուկրաինացի տասնյակ հազարավոր փախստականներ տարբեր ճանապարհներով հասել են եվրոպական այլ քաղաքներ, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկա՝ Միացյալ Նահանգներ և Կանադա:
BBC ռադիոկայանի տվյալներով` Ուկրաինայում ներքին տեղահանվածների թիվը մոտ 6 և կես միլիոն է, իսկ շուրջ 12 միլիոն մարդ գտնվում է շրջափակված բնակավայրերում և չունի ռազմական գոտիներից փախուստի դիմելու հնարավորություն: