«Ազգային ժողովրդավարական բևեռը» պայքարում է, որ մարդիկ թմբիրից արթնանան, համախմբվեն, որ ստեղծեն ազգային պետություն։ Այսօր «Ազատության» հրապարակում հանրահավաք էին անում. Բևեռի անդամ Վարուժան Ավետիսյանն ասաց՝ հանրահավաքից հետո կշարունակեն մարդկանց համախմբելու գործընթացը։ Թե ինչպես, չմանրամասնեց։
«Առաջին անգամ չէ, որ հանրահավաքից հետո շարունակում ենք մոբիլիզացիան, շարունակում ենք տարածել գաղափարները, շարունակում ենք արթնացնել մեր քնած հասարակությանը, ցավոք սրտի, քնած: Առաջին քայլը չէ, բայց վերջինն էլ չէ», - նշեց Ավետիսյանը:
Իսկ ի՞նչ է նշանակում ազգային իշխանություն, Վարուժան Ավետիսյանի մեկնաբանմամբ, երբ իշխանությունը պետության շահին է ծառայում, ինչը, իրենց համոզմամբ, չի անում գործող իշխանությունը. «Ծառայում է ռուս-թուրքական շահերին, ադրբեջանական շահերին»:
«Ազգային ժողովրդավարական բևեռը» դեմ է, որ Հայաստանը դաշնակցի Ռուսաստանի հետ, պայքարում են, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը լինի արևտամետ:
Բևեռից Գարեգին Չուգազսյանն իր ելույթը նվիրեց աշխարհաքաղաքական զարգացումներին։ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներին։ Բևեռը դեմ է, որ Հայաստանը այս զարգացումներում չեզոքություն պահպանի. «Կա՛մ մենք կմիանանք քաղաքակիրթ ազգերի ընտանիքին ու կփրկվենք, կա՛մ կմնանք կապված տոտալիտարիզմին վերադարձող և դեպի խորտակում գնացող ռուսական կայսրության նավին ու նրա հետ մասին կկործանվենք»:
Չուգազսյանի ելույթից հետո հարթակում ծածանեցին Ուկրաինայի դրոշը, ողջունեցին տարածքային ամբողջականության համար պայքարող ուկրաինացի ժողովրդին։
Հանրահավաքը վարող Վահե Գասպարյանը պարզաբանեց, թե ինչու են նախօրեին ներկել Արցախի դրոշը, որը ֆրանսիական հրապարակում տեղադրել էին Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերը հանրահավաքից հետո. «Մենք ներկեցինք այդ սպիտակ ժապավենն ասելու, որ Արցախը Հայաստանն է և վերջ»:
Դատախազությունն, ի դեպ, Արցախի դրոշը ներկելու տեսանյութն ուղարկել է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու, դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ: Բևեռի հանրահավաքն այսօր ավարտվեց երթով։ Շարժվեցին Ռուսաստանի, ապա՝ Ամերիկայի դեսպանատուն։