Ռուսաստանի առաջնորդն ապրիլի 6-ին կայացած բրյուսելյան բանակցությունների մանրամասներին տեղեկացել է անձամբ Հայաստանի վարչապետից ու Ադրբեջանի նախագահից:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բացառիկ մանրամասներ Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպումից
Ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության, Վլադիմիր Պուտինն այսօր առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատումը սկսելու անհրաժեշտությունը:
«Զրուցակիցներն անդրադարձել են ապրիլի 6-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը և ընդգծել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարություններն ամբողջ ծավալով կատարելու անհրաժեշտությունը»,- ասվում է Կրեմլի մամլո ծառայության հրապարակած հաղորդագրությունում:
Երեք երկրների ղեկավարները զրուցել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը սկսելու անհրաժեշտության մասին:
Հայկական կողմի փոխանցմամբ, Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը: Վարչապետ Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցերին ու պայմանավորվել, որ նաև այս հարցերը մանրամասն կքննարկեն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում, նշված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: