Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է բրյուսելյան հանդիպման արդյունքների մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բացառիկ մանրամասներ Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների հանդիպումից Բրյուսելում ավելի քան չորս ժամ տևած բանակցությունների արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծել, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները նաև արտգործնախարարներին հանձնարարել են սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Փաշինյանն ու Պուտինը կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին:

Կրեմլի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը վերահաստատել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը, ինչպես նաև՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի մեկնարկի հանձնաժողովի ստեղծումը։

Զրույցի ընթացքում, ըստ հաղորդագրության, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը: Վարչապետ Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:

Մարտի 24-ին ադրբեջանական զինուժը խախտեց շփման գիծը Փառուխի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Պաշտպանության բանակի երեք զինծառայող զոհվեց, ևս 15-ը վիրավորվեցին։

ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցերին ու պայմանավորվել, որ նաև այս հարցերը մանրամասն կքննարկեն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: