Ռուսաստանը պնդում է, որ Կրամատորսկի կայարանը հրթիռակոծել են ուկրաինական ուժերը: Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության պաշտոնական ներկայացուցիչը:
«Ապրիլի 8-ին ուկրաինացի զինծառայողները «Տոչկա Ու» հրթիռով հարված են հասցրել Կրամատորսկի երկաթուղային կայարանին: Այդ հրթիռն օգտագործում է միայն Ուկրաինայի բանակը»,- ասել է գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա պնդմամբ, հրթիռի բեկորների վերլուծությունը և գետնի վրա ընկած պոչի դիրքը վկայում են, որ այն արձակվել է Կրամատորսկից 45 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող տարածքից:
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի, այդ տարածքում տեղակայված է Ուկրաինայի զինված ուժերի 19-րդ հրթիռային բրիգադը:
Կրամատորսկի քաղաքապետ Ալեքսանդր Գոնչարենկոն պնդում է, որ ուկրաինական կողմի տվյալներով, հրթիռն արձակվել է Շախտյորսկ ավանից, որը հիմա ռուսների հսկողության տակ է: Ուկրաինական կողմի փոխանցմամբ, կայարանի վրա երկու հրթիռ է ընկել: