Վանաձորում ձերբակալվել է գերեզմանատների հողհատկացումներով և դրանց սպասարկմամբ զբաղվող ՀՈԱԿ-ի տնօրենը

Այսօր Վանաձորում հերթական պաշտոնյան կալանավորվեց կոռուպցիոն գործով։ Գերեզմանատների հողհատկացումներով և դրանց սպասարկմամբ զբաղվող ՀՈԱԿ-ի տնօրեն Էդիկ Գրիգորյանը մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա երկու ձերբակալված ենթականերին էլ մեղադրանք առաջադրվեց հանցագործությանն օժանդակելու համար։ Դեռ հայտնի չէ՝ նրանց ևս կկալանավորեն, թե՝ ոչ։

Հակակոռուպցիոն կոմիտեն է քննել գործն ու ըստ հաղորդագրության, փաստեր ձեռքբերել այն մասին, որ Վանաձորի համայնքապետարանի ենթակայությամբ գործող ոչ առևտրային կազմակերպությունում դրամով և դոլարով խոշոր չափերի կաշառք են ստացել մի խումբ անձանցից՝ գերեզմանատանն իրենց նախընտրած վայրերում տարածքներ տրամադրելու դիմաց։

Այսօր կալանավորված Էդիկ Գրիգորյանը դատարանում մեղադրանքը չի ընդունել, «Ազատությանն» ասաց նրա փաստաբան Արեն Մնացականյանը։ Գրիգորյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը կբողոքարկեն։

«Մեր պաշտպանյալը չի ընդունում, նշում է, որ իրեն որևէ մեկը կաշառք չի տվել, որևէ մեկից կաշառք չի ստացել ու այս հանգամանքով պայմանավորված, բնականաբար, նաև իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այլ հանգամանքներ այս պահի դրությամբ հայտնել չեմ կարող», - նշեց Մնացականյանը:

Կաշառքի գործով մեղադրվողները նշանակվել և աշխատել են նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի օրոք, բայց ենթադրվում է, որ մեղադրանքը չի առնչվում արդեն չորս ամիս կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանի գործին, քանի որ ըստ իրավապահների, չարաշահումները տեղի են ունեցել արդեն նրա պաշտոնից հեռանալուց հետո՝ անցած տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Մեկ շաբաթ առաջ Վանաձորի համայնքապետարանում կոմունալ բաժնի ղեկավարումն ստանձնած Արմեն Այվազյանն ասում է՝ իրավապահների հրապարակումներից բացի այլ տեղեկություններ այս մասին չունեն։

«Տարածքի հատկացումներով ովքեր զբաղվել են, հենց իրենք էլ հիմա տեղում չեն և իրենց հետ է այդ ճշտման պրոցեսը տեղի ունենում: Իհարկե, բոլորն էլ բացառում են, բոլորն էլ ասում են՝ նման բան չկա, բայց դա մենք չենք որոշողը, որոշողն իրավապահ մարմիններն են, ովքեր զբաղվում են: Ես կարծում եմ՝ կարճ ժամանակում պարզաբանում կլինի, և մենք կհասկանանք՝ արդյոք նման դատապարտելի արարքներ եղել են, թե՝ ոչ, ու արդեն համապատասխան որոշումներ կիրականացնենք», - նշեց Այվազյանը:

Համայնքապատկան հիմնարկության 8 աշխատակիցներից ազատազրկվել են նրանք, որոնք գերեզմանատներում պատասխանատու են եղել հողհատկացումների համար։ Ոլորտի նորանշանակ պատասխանատու Արմեն Այվազյանն ասում է՝ զրուցել է մյուս աշխատակիցների հետ, նրանք բացառում են, որ իրենց կառույցում հնարավոր է նման կոռուպցիոն գործարք։

«Խոսքը վերաբերում է մի քանի մարդկանց ներգրավվածության մասին, նաև նշված էր՝ համացանցից ենք տեղեկացել, այնտեղ տեղում որևէ բան մենք չենք կարող, որովհետև տեղում գրանցամատյանով որևէ գումար մուտք լինել չէր կարող, որովհետև գերեզմանատների տրամադրումը բացառապես անվճար է»,- ընդգծեց Այվազյանը:

Վանաձորում կա 4 գերեզմանատուն։ Արմեն Այվազյանն ասում է՝ կառուցվում է ևս մեկը։ Ենթակառուցվածքների ապահովումից հետո տարածքը շահագործման կհանձնվի։ Հիշեցնում է, որ մեկ շաբաթ առաջ կառավարությունը որոշում ընդունեց՝ որով Հայաստանի գերեզմանատներում վճարովի հիմունքներով հողատարածք այլևս չի տրամադրվում։ Գերեզմանատներում տարածքը հատկացվում է միայն անվճար:

Մինչ կառավարության որոշումն էլ, ըստ գործող օրենսդրության, գերեզմանատներում մեկ գերեզմանի համար 2.5, իսկ ընտանեկան գերեզմանի համար մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածքները տրամադրվում էին բացառապես անվճար: Ուստի այդ տարածքների դիմաց քաղաքացիներից վճարներ պահանջելն ու գանձելն անօրինական արարք էր նաև նախկինում և քրեական պատասխանատվություն էր ենթադրում:

«Քաղաքացիների կողմից հիշյալ տարածքները ձեռք բերելու դիմաց օրենքով չնախատեսված վճարումներ կատարելը կարող է դիտվել որպես կաշառք», - երեկ տարածած հաղորդագրության մեջ նշել է հակակոռուպցիոն կոմիտեն:

Վանաձորի համայնքապետարանի կոմունալ բաժնի պետի տեղակալի պաշտոնակատարն ասում է՝ կսպասեն իրավապահների եզրակացությանը։ Հանցանքը հաստատվելու դեպքում համայնքային իշխանությունները ևս համապատասխան պատժամիջոցներ կկիրառեն։