Հայկաձորցի Հովհաննես Հովհաննիսյանը լսել է հնարավորինս շատ հող մշակելու կառավարության հորդորը, բայց տարակուսում է՝ այդ ինչպե՞ս ու ի՞նչ միջոցներով...
Ամենամեծ ցանկության դեպքում անգամ խնդիրների առաջ աչք չես փակի՝ սերմացուի պակաս կա, պարարտանյութը եռակի թանկացել է, հողերն էլ չեն ոռոգվում։
Շիրակցի գյուղատնտեսը անցած տարի բերքը կորցրեց, հիմա էլ ստիպված հողերի մի մասն պիտի անմշակ կթողնի. - «Գարի չեմ կարա ունենամ, գարու սերմացուն դժվար է... Գանրանացանին պըտի վարեինք հինգ հեկտար, վարել ենք մի հեկտար, սպասում ենք, թե էդ մի հեկտարի գոնե սերմացու կտա՞ն, որ գոնե ցանենք, ծերը ծերին հասցնենք»։
Անցած տարի Հովհաննիսյանը հենց իր արտերում էր «Ազատությանը» ցույց տվել, թե ինչպես էր ցորենի ու գարու բերքը երաշտի հետևանքով չորացել, աշխատանքը ջուրն էին ընկել։
Այս տարի արդեն մեզ ցույց տվեց դատարկ ամբարը. - «Ցորենից քաղել ենք մի քիչ, բայց գարի մի գրամ չենք քաղել։ Ես գարի պիտի ստանայի մոտավորապես մի տասը տոննա, ոչ մի գրամ չեմ ստացել։ Ցորեն պիտի ստանայի ասենք տասնհինգ-քսան տոննա, ստացել եմ էրկու տոննա, էրկու տոննա էլ չի էղել»։
Հայ-թուրքական սահմանին ապրող, երաշտից տուժած գյուղացին վնասի փոխհատուցում չի ստացել, բայց օգտվել է կառավարության տրամադրած անտոկոս վարկից: Ստացած մեկ միլիոն դրամը կրկին հողի մեջ է ներդրել՝ ցորեն է ցանել ու հիմա անձրևի հույսով վերև է նայում։
Անիի տարածաշրջանում, բացի Հայկաձորից, ևս 8 գյուղերում ցանքատարածությունները ոռոգելի չեն:
Նախորդ տարի նաև սերմացուի սուբսիդավորման ծրագիր կար, որից Հովհաննիսյանը օգտվել է: Բայց կառավարությունն այս տարի գարու ու ցորենի սերմացուցի ծրագրի փոխարեն որոշել է 50 տոկոսով սուբսիդավորել պարարտանյութի գինը։ Թեև մեկ պարկի գինը, ըստ կառավարության հաշվարկի, սուբսիդավորումից հետո կարժենա 9000 դրամ, բայց 67-ամյա գյուղատնտեսը դժգոհում է՝ մատակարարներն ավելի թանկ գնով են առաջարկում պարարտանյութը. - «Պարարտանյութը ինը հազարով գրվել եմ, հիմա դարձել է տասներկու հազար...»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կառավարությունում սպասում են, որ այս տարի Հայաստանում պարենային անվտանգության լուրջ խնդիր կլինիՊաշտոնական տվյալներով, անցած տարի Հայաստանում 97 հազար տոննա ցորեն է աճեցվել, մնացած 270 հազար տոննան ներմուծվել է Ռուսաստանից։ Ռուս - ուկրաինական պատերազմի ֆոնին, երբ Մոսկվան հայտարարեց ցորենի արտահանման սահմանափակումների մասին, Հայաստանում իշխանությունները գյուղացիներին կոչ արեցին ավեի շատ հող մշակել՝ ընդգծելով, որ պարենային անվտանգության մարտահրավերների հետևանքով գյուղատնտեսությունը դառնում է առավել հրապուրիչ։
Գյուղացիները սակայն ասում են՝ իրենց մարտահրավերները չեն պակասել, դեռ մի բան էլ ավելացել են։
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, արձագանքելով այս դժգոհություններին՝ բացատրում է, թե այս տարի պետությունը որոշել է աննախադեպ թանկացած պարարտանյութ սուբսիդավորել, որպեսզի ավելի մեծ թվով գյուղատնտեսների աջակցի։ Հայաստան ներմուծվող սերմացուն էլ ճանապարհին է ու եղանակից է կախված այն ժամանակին տեղ կհասնի, թե ոչ. - «Իհարկե լավ կլիներ, որ արդեն ամբողջ անհրաժեշտ խմբաքանակը ներմուծված լիներ, բայց եղանակային պայմանները, ցավոք սրտի, դեմ են աշխատում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ այս տարի սեմնացուի խնդիրներ չառաջանան»։
Հայաստանը, ըստ փոխնախարարի, պահանջվող սերմացուի 25-30 տոկոսն է ներմուծում, պահանջարկի մեծ մասը տեղական արտադրության սերմնացուով է փակվում։
Հայկաձորցի Հովհաննես Հովհաննիսյանը սակայն կառավարության քայլերը բավարար չի համարում, ասում է՝ գոնե դատարկվող սահմանամերձ գյուղերի նկատմամբ ուշադրությունն ավելի մեծ պետք է լինի. - «Մեկել գյուղերին ասում են հիսուն տոկոսով հարկերը զեղջ անեն, մերը հարյուր տոկոս պտի տաս ամեն ինչը։ Հոսանքի վարձ ենք տալիս, գազի վարձ։ Իսկ մնացած սահմանամերձ գոտիները ամեն ինչը զեղջ է... Մեր գյուղին վաբշե չեն նայում»։