Գալիք կիրակի Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են։ Ամենայն հավանականությամբ՝ առաջին փուլի արդյունքում պարզ կդառնա երկու թեկնածուների անունները, որոնք երկրորդ փուլում ՝ ապրիլի 24-ին, վճռական պայքարի մեջ կմտնեն երկրի նախագահի պաշտոնի համար։
Առաջին փուլում առաջադրված մեկ տասնյակ թեկնածուների շարքում առաջատարն է համարվում գործող նախագահ Էմանյուել Մակրոնը, սակայն հարցումները ցույց են տալիս, որ նրա հիմնական մրցակցի՝ ծայրահեղ աջակողմյա Մարին Լը Պենի վարկանիշը բարձրացել է, նա ընդամենը 6 տոկոսով է զիջում Մակրոնին և դեռևս չկողմնորոշվածների գործոնը հնարավոր է վճռական դեր խաղա։ Սոցիոլոգները նշում են, որ մեծ է ընտրողների թիվը, որոնք դեռ չեն կողմնորոշվել՝ ում օգտին քվեարկեն, կամ համոզված չեն, թե արդյոք կգնան քվեարկության։
Մակրոնի թիմում մտահոգություններ կան, որ նրա կողմնակիցների մի մասը հնարավոր է չգնա ընտրական տեղամաս, մտածելով, թե առանց իրենց քվեի, նա միևնույն է հաղթելու է, իսկ ով դեմ է՝ անպայման կգնա ու ձայն կտա ուրիշ թեկնածուների օգտին։
Վերջին տասնամյակի վիճակագրությունը վկայում է, որ Ֆրանսիայի նախագահական ընտրություններին ընտրողների մասնակցությունը նվազում է․ 2007 թվականին մասնակցությունը կազմել էր 84 տոկոս, 2017-ին՝ 78 տոկոս, փորձագետները հնարավոր են համարում, որ այս տարի մասնակցությունն ավելի կնվազի։
Եվրոպամետ ու կենտրոնամետ Մակրոնը ընտրողների հետ հանդիպմանը ասել է, որ վճռականորեն կպայքարի ծայրահեղ աջակողմյա թեկնածուների օրակարգի դեմ։
«Ծայրահեղ աջակողմյա օրակարգ առաջ մղող դուետ կա, որոնց մենք երկար ժամանակ ծանոթ ենք։ Այն առաջ է մղում կլանը և նոր խաղացողը։ Ես վճռականորեն պայքարում են նրանց դեմ, չեմ նորմալացնի նրանց գաղափարները»,- ընտրողներին վստահեցրել է Մակրոնը, կլան ասելով նկատի ունենալով Լը Պենի ընտանիքը, իսկ խաղացողը՝ Էրիկ Զեմուրին։
Ծայրահեղ ձախից մինչև ծայրահեղ աջ հայացքներ, կոմունիստներից միչև կանաչներ ընդգրկող թեկնածուների քարոզարշավում Մարին Լը Պենի վարկանիշը, շաբաթվա սկզբի սոցհարցումների տվյալներով, կազմել է 48,5 տոկոս։ Նրա քաղաքական գործունեության ընթացքում սա ամենաբարձր վարկանիշն է։ 53-ամյա Լը Պենը երրորդ անգամ է մասնակցում նախագահական ընտրությունների։
«Ես կվերադարձնեմ երկիրը Ֆրանսիայի ժողովրդին։ Ֆրանսիայի ժողովուրդը պետք է որոշի՝ ով մտնի երկիր և ով հեռանա։ Դա ո՛չ միջազգային իրավասությունները, ո՛չ միգրանտներին պաշտպանող ընկերակցությունները չպետք է որոշեն, ինչպես այսօր է։ Ֆրանսիայի ժողովուրդը պետք որոշի՝ ով է արժանի դառնալ ֆրանսիացի և ազգային համայնք մտնելու արտոնություն ստանա։ Ֆրանսիացի լինելը վարչական իրավիճակ չէ, դա պատիվ է»,- երեկվա հանրահավաքում հայտարարում էր Մարին Լը Պենը՝ շեշտելով ներգաղթի դեմ իր հիմնական թեզերը։
«Ակնհայտ կապ կա անպաշտպանվածության պայթյունի և միգրանտների ալիքների միջև, որին մենք ենթարկվում ենք։ Ո՞վ կարող է հերքել ներգաղթի ազդեցությունը մեր հանրային ծառայությունների, մեր հիվանդանոցների գերբեռնվածության, սոցիալական բնակարանների բացակայության և դատական համակարգի խցանումների վրա»,- հայտարարում էր Լը Պենը։
Փարիզի քաղաքական հետազոտությունների Sciences-Po համալսարանի պատմության կենտրոնի տնօրեն Մարկ Լազարը Լը Պենի վարկանիշի աճը բացատրում է մի քանի գործոններով։
«Նա բավականին փոխվել է, նաև արտաքնապես, ավելի համակրելի է թվում, ավելի քիչ արմատական, քան անցյալում և շատ լավ անհատական իմիջ ունի։ Մեղմացել է նրա հռետորաբանությունը, սոցիալական խնդիրների վրա կենտրոնանալը նույնպես նպաստել է նրա վարկանիշի աճին», - «Ասոշիեյթեդ Փրեսի» հետ զրույցում նշել է Մարկ Լազարը։
Հարցումների համաձայն՝ երրորդ վարկանիշն ունի ծայրահեղ ձախ հայացքներով թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնը։ Նրան աջակցողների թիվը ևս մեծացել է, բայց շատ հեռու է Լը Պենից։
Գործող նախագահի մրցակիցներից են նաև ևս մեկ ծայրահեղ աջակողմյա թեկնածու Էրիկ Զեմուրը և պահպանողական Վալերի Պեկրեսը։ Նրանք երկուսն էլ նախընտրական շրջանում այցելել էին Հայաստան, Պեկրեսը նաև Լեռնային Ղարաբաղ էր մեկնել։
Առաջին փուլում առաջադրված թեկնածուների թվում են նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, բնապահպան կանաչների թեկնածու Յաննիկ Ժադոն, վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ կոմունիստներն են մասնակցում ընտրություններին, նրանց թեկնածուն Ֆաբիեն Ռուսելն է։ Փարիզի արվարձանի դպրոցի ուսուցչուհի Նաթալի Արտոն երրորդ անգամ է առաջադրվել նախագահի թեկնածու, ինչպես նաև ավտոգործարանի նախկին աշխատակից Ֆիլիպ Պուտուն, ում պաշտպանում է հակակապիտալիստական կուսակցությունը։ Թեկնածուների այս շարքի համար սոցիոլոգները շատ ցածր տոկոսներ են կանխատեսում։
Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանյուել Մակրոնը 2016-ին նոր կուսակցություն ստեղծեց, ձեռնոց նետելով ավանդական քաղաքական ուժերին։ Հաջորդ տարի՝ 2017-ի նախագահական ընտրություններին գործող նախագահ Ֆրանսուա Օլանդը հրաժարվեց առաջադրվել երկրորդ հնգամյա ժամկետի համար։ Հաղթանակի հասավ նորաստեղծ կուսակցության առաջնորդ Մակրոնը՝ 40 տարեկանում դառնալով Ֆրանսիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը։
2017-ի ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնի մրցակիցը Մարին Լը Պենն էր, որին նա հեշտությամբ հաղթեց, ստանալով ընտրողների ձայների 66 տոկոսը, իսկ Լը Պենի օգտին քվեարկել էր 37 տոկոսը։
2022-ի ընտրությունների առաջին փուլի նախաշեմին արված հարցումները վկայում են, որ այս անգամ ևս երկրորդ փուլում դարձյալ մրցակցելու են Էմանյուել Մակրոնն ու Մարին Լը Պենը։