Իշխանությունները չեն մեկնաբանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու հարցով քվեարկությանը չմասնակցելու Հայաստանի որոշումը։
Բանաձևին երեկ հավանություն էին տվել կառույցի անդամ 93 պետություններ, 24-ը՝ դեմ, 58-ը՝ ձեռնպահ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դադարեցվում է Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդինԱյս քվեարկությանը չմասնակցելու Հայաստանի որոշումը քննադատում են ընդդիմադիր խմբակցությունները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ասում է՝ իշխանությունները պետք է հստակ հիմնավորում ներկայացնեն՝ ինչու են նման որոշում կայացրել։
«Նորություն չեմ ասի՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունները, համեմատած այլ երկրների հետ հարաբերությունների, որակական, բովանդակային, ներառական լրիվ այլ մակարդակի վրա են գտնվում: Տեղյակ եք, որ այսօրվա դրությամբ մենք հասել ենք մի այնպիսի կետի, որ Արցախում ռուս խաղաղապահներն են, որ արցախահայության անվտանգությունն են երաշխավորում, այս իմաստով, թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի այսպիսի վարքագիծը, ինձ համար հասկանալի չէ», - նշեց Վարդևանյանը՝ շարունակելով, - «Ես հետևյալը կարող եմ ասել՝ ընդդիմության դիրքորոշումն այն է, որ Հայաստանի Հանրապետության բարեկամ երկրների հետ հարաբերությունները, որոնց հետ դաշնակցային հարաբերությունները որակապես այլ մակարդակի է, համեմատած այլ երկրների հետ, պետք է ունենան միմյանց հետ փոխադարձության, վստահության տիրույթում վարքագիծ, թե դրա բանալին ո՞րն է, հավատացեք, դրա համար պետք է լինել իշխանություն»:
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ իշխանությունները այսպիսով փորձում են պահպանել հավասարակշռված դիրքորոշումը ունենալ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում և քվեարկությանը չմասնակցելը պետք է այս տրամաբանության մեջ դիտարկել։
«Գլխավորն այստեղ, իհարկե, այն է, որ Հայաստանը կարողանա երկկողմ այդ շփումներում միանգամայն ռացիոնալ բացատրել իր շահերն ու խնդիրները: Եթե հարցը Ռուսաստանի դժգոհության տիրույթում է, ապա ես դիտարկում եմ հետևյալ կերպ, շատ պարզ տրամաբանությամբ, Հայաստանի դիրքավորումը ռուսական մոտեցումների դաշտում մեծ հաշվով որևէ կերպ չի նպաստելու Ռուսաստանին, փոխարենը փոխելու է Հայաստանի հետ կապված հարցերի տրամաբանությունը և խնդիրներ առաջացնելու Հայաստանի համար: Կարծում եմ՝ այս տրամաբանությամբ քննարկումները ռուսական կողմի հետ կարող են արժանանալ ռացիոնալ քննարկման, եթե կասկածների այլ տեղիք Երևանը չտա», - ասաց Բադալյանը:
Հայաստանի իշխանությունները մինչև օրս Ուկրաինայում ռազմական գործողությունների վերաբերյալ հստակ դիրքորոշում չեն ներկայացրել՝ խուսափելով աջակցություն հայտնել կողմերից որևէ մեկին։ Իսկ հնչեցված հարցերին ի պատասխան կարևորել են հարցը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու կարևորությունը։
Ըստ էության, իշխանության միակ ուղիղ անդրադարձը հնչեց մարտի 21-ին ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, երբ արտգործնախարարը պատասխանեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին։ Պատգամավորը Հայաստանի՝ նախորդ նմանօրինակ քվեարկությունների մասին էր հարցնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվից Երևանին փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա. Միրզոյան«Ես մեր ռուս և ռուսաստանցի գործընկերների հետ մշտապես կոնտակտի մեջ եմ, այդ թվում՝ այսօր հերթական հեռախոսազրույցն եմ ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ և ուզում եմ ձեզ հավաստիացնել, չգիտեմ դա ձեզ կհիասթափեցնի, թե կոգևորի, բայց մենք չունենք խնդիրներ այս համատեքստում», - նշեց Միրզոյանը:
«Ես տպավորություն ստացա, որ այդ քվեարկությունները ռուսական կողմի հետ, ըստ էության, համաձայնեցված են եղել, որովհետև ասում եք՝ որևէ առարկություն ռուսական կողմը մեր քվեարկությունների մասով չի ունեցել», - ընդգծեց Խամոյանը:
ՄԱԿ-ում ընդունված այս վերջին բանաձևը խորը մտահոգություն է հայտնում Ուկրաինայում շարունակվող մարդասիրական ճգնաժամի կապակցությամբ՝ դատապարտելով Ռուսաստանի գործողությունները հարևան երկրի դեմ։
«Ռոյթերզ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Ռուսաստանը քվեարկությունից առաջ զգուշացրել է ՄԱԿ-ի անդամներին, որ բանաձևին կողմ կամ՝ ձեռնպահ քվեարկությունը կդիտարկվի որպես «ոչ բարեկամական քայլ, որը իր ազդեցությունը կունենա հետագա՝ երկկողմ հարաբերությունների վրա»։