«Ռուսական բանակը շարունակում է Ուկրաինայում ճշգրիտ զենքերով հարվածներ հասցնել ռազմական թիրախներին», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Ռուսները պնդում են, որ անցած գիշեր Խարկովի, Նիկոլաևի և Դոնբասի շրջաններում հրթիռներով ոչնչացրել են ուկրաինական բանակի վառելիքի չորս պահեստներ:
Կոնաշենկովի փոխանցմամբ, ոչնչացվել են նաև մի ամրացված մեքենայացված հետևակային վաշտ, տանկային դասակ և Ժիտոմիրի կայարանում մի գնացք, որը պետք է ռազմական տեխնիկա փոխադրեր ուկրաինական բանակի համար:
Նույն օրն, ըստ Կոնաշենկովի, ռուսական ռազմանավերից արձակված հրթիռներով ոչնչացվել են ուկրաինական ռազմական մի շարք այլ թիրախներ:
Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեքսի Արեստովիչի փոխանցմամբ, այս օրերին առավել ծանր մարտերն ընթանում են Լուգանսկի մոտակայքում:
Նա ասել է, թե ռուսները վերսկսել են հարձակումը Մարիուպոլի ուղղությամբ, «սակայն ուկրաինացիները շարունակում են այնտեղ կատաղի դիմադրություն ցույց տալ»: