Համաշխարհային ռոքի պատմության ամենահայտնի խմբերից մեկը՝ լեգենդար «Փինք Ֆլոյդ»-ը ձայնագրել է առաջին երգը 1994 թվականից ի վեր:
Բրիտանացիները երգն անվանել են Hey Hey Rise Up («Հե՜յ, հե՜յ, վե՛ր կաց») և հայտնել են, որ այդ սինգլի վաճառքից ստացված ամբողջ եկամուտը որպես մարդասիրական օգնություն կփոխանցվի Ուկրաինային:
Այս երգի ձայնագրությանը մասնակցել է «Բումբոքս» ուկրաինական ռոք խմբի լիդեր և երգիչ Անդրեյ Խլիվնյուկը, ով միացել է Կիևի տարածքային պաշտպանության գումարտակին:
Խոսելով սինգլի թողարկման մասին, «Փինք Ֆլոյդ»-ի երգիչ և կիթառահար Դեյվիդ Գիլմորն ասել է, թե ամբողջ խումբը «ցասում և հիասթափություն է զգում խաղաղ դեմոկրատական երկիր ստոր ներխուժում կատարելու և դրա բնակիչներին սպանելու կապակցությամբ»: